«Սամվել Մայրապետյանը միգուցե իրեն նախագահի տեղ է դրել» (տեսանյութ)
Նախագահականի հետ բանակցությունների պատճառով արդեն 4-րդ անգամ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում հետաձգվեց Տերյան 23 շենքի բնակիչ Վարդան Գերավետյանին իր բնակարանից վտարելու բողոքի քննությունը: Վարդան Գերավետյանի ներկայացուցիչ Ալինա Ավետիսյանը տեղեկացրեց, որ բանակցությունները շարունակվում են: Սակայն կառավարության որոշմամբ տարածքի ձեռքբերող ճանաչված Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դեվելոփերս» ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանը ընդհանրապես տեղյակ չէր, որ նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցները հետաքրքրված են այս գործով: Նա լրագրողների որեւէ հարցի չպատասխանեց եւ հեռացավ: «Անցյալ անգամ էլ պարոն Սիրունյանը պնդում էր, որ ինքը տեղյակ չէ բանակցություններից: Ինձ համար շատ անհասկանալի է պարոն Մայրապետյանի արհամարհանքը դեպի նախագահի վերահսկողական ծառայությունը, որովհետեւ պարոն Սիրունյանը Մայրապետյանի ներկայացուցիչն է եւ այն ինչ ասում է պարոն Սիրունյանը, նշանակում է՝ ասում է պարոն Մայրապետյանը»,- ասաց Վարդան Գերավետյանը: Նրա խոսքերով՝ նախագահի վերահսկողության ծառայության աշխատակիցները եկել են, նայել բնակարանները եւ լսել 20 սեփականատիրոջ պահանջները: «Ալեքսանդր Սիրունյանը՝ ի դեմս Սամվել Մայրապետյանի, բացահայտ կերպով ասում է, որ անկախ նախագահի վերահսկողություն կա, ով կա, ինչ կա, մենք ենք այս երկրի եւ քաղաքի տերը, ոնց կուզենանք, այնպես էլ կանենք: Սամվել Մայրապետյանը միգուցե իրեն նախագահի տեղ է դրել եւ, կենտրոնը յուրացնելով, ցանկացած գործողության մեջ անում է այն, ինչ որ ուզում է»,- ասաց Տերյան 23 շենքի բնակիչը: Վարդան Գերավետյանի խոսքերով՝ հիմա քաղաքում անպատժելիության մթնոլորտ է: «Քոչարյանի այսպես ասած կառուցապատողն է, դա բոլորը գիտեն եւ քոչարյանական քանդարար ճանապարհը գնում է»,- եզրափակեց Վարդան Գերավետյանը: