Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆՈՐ ՏԱՐԱԾՔ, ՆՈՐ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ

Մշակույթ

«Որեւէ մեկ այլ տեղ մենք մեզ չենք պատկերացնում: Հիմնադրման օրվանից թատրոնը եղել է Կինոյի տան շենքում եւ միշտ էլ մնալու է այստեղ», ասում է Հենրիկ Մալյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Նարինե Մալյանը:

Թե ինչ է կառուցվելու Կինոյի տան տեղում Նարինե Մալյանը «գաղափար անգամ չունի»: Սակայն դեմ չէ, որ կառուցվեն գեղեցիկ, նորաոճ շինություններ: Միայն դեմ է, եթե քանդվում են գեղեցիկ եւ արժեքավոր կառույցները: «Ես կցանկանայի, որ քաղաքը ծերանար պատվով, այլ ոչ թե տառապեր ծերունական մառազմով»,- ամբողջացնում է իր միտքը Հենրիկ Մալյանի դուստրը: Ամբողջ սրտով հավատում է Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցին, որը խոստացել է ոչ միայն տեղ հատկացնել մալյանականներին նորակառույցում, այլեւ «Հայ ֆիլմ» կինոստուդիային կից մշակույթի այդ սիրված օջախին, տալ նոր կարգավիճակ: Ըստ պրն Գեւորգյանցի, Հայաստանում ստեղծվում է ազգային կինոյի կենտրոն: Հենրիկ Մալյանի անվան թատրոնը դառնալու է նորաստեղծ կենտրոնի մի մասը: Մոտ օրերս թատրոնի ղեկավարությունը հանդիպելու է Երեւանի գլխավոր ճարտարապետի հետ, համատեղ քննարկելու եւ ճշտելու ապագա թատրոնի տարածքի կառուցապատման նախագիծը եւ թատրոնի կողմից արված առաջարկները: Դա նշանակում է, որ թատրոնն անցնում է պետական հոգացության ներքո եւ կգործի պետբյուջեի ֆինանսավորմամբ: Շուրջ տասը տարի Մալյանի թատրոնը ճարահատյալ «պաուզա տվեց», ծանր տարիների եւ ֆինանսական պատճառներովով: Մոտ հինգ տարի է թատրոնը վերսկսել է իր գործունեությունը եւ ինչպես ասում են դեռ թափ չի հավաքել: Այսօր մալյանականները, որոնց աշխատավարձի չափն իր չնչինության պատճառով, անհարմար զգաց ասել նրանց գեղարվեստական ղեկավարը՝ փորձում են ֆինանսական բացը լրացնել տարբեր թատրոններում, հիմնարկներում եւ հեռուստաընկերություններում` աշխատելով պայմանագրային հիմունքներով: Նրանցից ոմանք այնքան էլ գոհ չեն իրենց «ստեղծագործական վիճակից», ասում է Նարինե Մալյանը, մատնանշելով հատկապես «Շանթ» հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Վերվարածներ» երգիծական մանրապատումը, որտեղ հանդես են գալիս թատրոնի դերասանները: «Երեւի դա այնքան էլ դուր չի գալիս նրանց, փոխարենը` լուծում է սոցիալական շատ ու շատ խնդիրներ»: Նարինե Մալյանը հույս ունի, որ նոր կարգավիճակը հնարավորություն կտա վերջնականապես համախմբել ուժերը, վերականգնել մալյանական ավանդույթները, թատերական աշխույժ անցուդարձն ու թատրոնի հեղինակությունը, թեեւ այն շատերի կարծիքով «բոլորովին էլ չի տուժել»: Թատրոնն այսօր ծրագրում է բեմադրել դասականներին, սակայն առաջնահերթ խնդիրն է գզրոցներից հանել մեծն Հենրիկի բեմադրությունները: Նարինե Մալյանը խոստովանում է, որ դրանց մեծ մասն իրենք ցավոք սրտի կորցրել են: Այսօր հարկավոր է նոր խոսք , նոր մոտեցումներ, ինչու չէ, նաեւ` բիզնեսի առումով: Սակայն Մալյանները երեկ, այսօր եւ ամենայն հավանականությամբ նաեւ վաղը նույնն են լինելու՝ «ինտելլիգենտ», բառի բուն իմաստով: «Մենք չենք կարող մեզ թույլ տալ մի քանի մարդու ծիծաղեցնելու համար, կամ փող կորզելու համար բիզնես ներկայացումներ բեմադրել»,- ասում է դուստրը` ինչպես հարիր է հավատարիմ հետեւորդին եւ ընդունում միայն Հենրիկ Մալյանի նշանաբանը. «եթե դահլիճում նստած մեկ մարդ հասկացավ, ընդունեց մեզ, մեզ հետ ուրախացավ ու տրտմեց, ուրեմն մենք մեր գործը կատարյալ ենք արել»:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարը մեծ ցանկություն ունի իրականություն դարձնել հոր՝ Հենրիկ Մալյանի երազանքը՝ ստեղծել թատրոն ստուդիա, որտեղ մասնագիտական ուսուցում կստանան թատրոնի ապագա դերասանները: տնում են, որ մինչեւ թատրոն հասնելը երեխաները դեռ մանկապարտեզից պետք է սովորեն թե ինչ է այն: Մալյանի թատրոնի դերասան, ռեժիսոր եւ ադմինիստրատոր Մովսես Ստեփանյանը կարծում է, որ հանրակրթական դպրոցներում պարտադիր պետք է մտցվի թատրոն առարկան, սակայն ոչ թե այն որպես մասնագիտություն սովորեցվի, այլ պարզապես ինֆորմացիայի կարգով արվի: Վերջերս նրանք մի ներկայացում են տվել Երեւանի ճանաչված դպրոցներից մեկում (անունը խնդրեցին չհրապարակել), որտեղ աշակերտները մեղմ ասած «սանձարձակ» վարք են դրսեւորել, աղմկելով պոկելով բեմում դրված ռեկվիզիտները: «Ինչպիսին՞ է լինելու մեր վաղվա հանդիսատեսը», այս հարցն է մտահոգում մալյանականներին, որոնց ոչ պակաս հուզում են նաեւ վերջին տարիների մշակութային «այլընտրանքային մոտեցումները», թուրքամետ երաժշտությունը, ռաբիսի վերելքը եւ այլն: Մալյանականներն իհարկե իրենց բոլորից վեր չեն դասում, փորձում են կրկին առաջնորդվել Հենրիկ Մալյանի բանաձեւով, որը մոտավորապես հետեւայլն է՝ ապրել եւ գործել ոչ շատ բարձրի եւ ոչ շատ ցածրի միջեւ:

Սաթենիկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

«Այբ-Ֆե» թերթի նյութերից