«Թատրոններում գեղարվեստական գերոնտոֆիլիա է»
Թատրոնը դադարել է հետաքրքիր լինել երիտասարդներին: Այժմ թատրոնների գեղարվեստական ղեկավարներ կան, որոնք փակում են մրցակցության ճանապարհը եւ թատրոնները շարունակում են ղեկավարել միեւնույն մարդիկ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց թատերագետ Արա Խզմալյանը: Նրա խոսքերով՝ ժամանակն է, որ սերնդափոխություն տեղի ունենա եւ տեղը զիջվի միջին սերնդին եւ երիտասարդներին. «Գիտեք չէ, մի այսպիսի հասկացություն կա սեքսապաթոլոգիայի մեջ, ասում են գերոնտոֆիլիա, հիմա մենք գեղարվեստական գերոնտոֆիլիայի՝ գեղարվեստական ծերունամոլության մեջ ենք: Սա շատ լուրջ խնդիր է»,- ասաց Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախագահ, թատերագետ Արա Խզմալյանը: Նրա խոսքերով՝ կադրային քաղաքականությունը պետք է փոխվի, եւ թատրոնի գեղարվեստական ղեկավարը կաթողիկոսի հոգեբանություն չպետք է ունենա: Իսկ հիմա ժամանակն է լրջորեն խոսել, թե ինչ ենք ուզում թատրոնից եւ մեր ուզածին հասնելու ճանապարհները որոնք են: