«Գասպարիին կալանավորել են նիստերը ձախողելու համար»
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի դրսեւորած վարքագծի պատճառով է Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը որոշել նրա նկատմամբ կալանավորումը ընտրել որպես խափանման միջոց: «Նա բազմիցս դատարանի կանչով չի ներկայացել դատական նիստերին, ինչի արդյունքում դատական նիստերը ձախողվել են՝ դատարանը գտնում է, որ գործի քննության ընթացքում ամբաստանյալ Վարդգես Գասպարիի մասնակցությունը հնարավոր է ապահովել միայն նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու պայմաններում»,- նշված է դատարանի որոշման մեջ: Վարդգես Գասպարիի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը քննարկվել է դատարանի նախաձեռնությամբ: Հիշեցնենք, որ դատարանը փետրվարի 19-ին էր որոշել Վարդգես Գասպարիի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունը փոխել կալանքով: Վարդգես Գասպարին մեղադրվում է դատական նիստերից մեկի ժամանակ ոստիկանության երկու ներկայացուցչի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու եւ դատական նիստի բնականոն ընթացքը խախտելու մեջ: Գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 26-ին: Մինչ այդ պաշտպանները Վերաքննիչ դատարանում բողոքարկել են Վարդգես Գասպարիի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը, սակայն նիստի օր դեռ չի նշանակվել: