Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆԴՐԵՆ ԻՐ ԵՐԳԸ ՍԻՐՈՒՄ Է

Մշակույթ

Շուրջ կես ժամ լրագրողներին սպասեցնելուց հետո Անդրեն վերջապես ժամանեց հովանավորի գովազդային կարմիր շապիկով եւ ներողոթյուն խնդրելով ճանապարհների խցանման պատճառով ուշանալու համար՝ անցավ բուն թեմային:

Երգիչ Անդրեն եւ Հանրային հեռուստատեսության արտաքին կապերի բաժնի պետ Դիանա Մնացականյանը, որը միաժամանակ «Եվրատեսիլ-2006» երգի մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավարն է, այսօր հրավիրած մամուլի ասուլիսին ներկայացրին երգչի առաջիկա համերգային շրջագայությունների ծրագիրը: Հիշեցնենք,ո ր «Եվրատեսիլ-2006» մրցույթում Հայաստանը ներկայացնելու է Անդրեն:

«Ինքս երգն անչափ սիրում եմ, իսկ եթե ինչ-որ մարդիկ կան, ովքեր որոշել են քննադատել, թող քննադատեն ինձնից այնքան հեռու, որ իրենց ձայնը չլսեմ»,- ասաց Անդրեն եւ նաեւ ավելացրեց, որ հաշվի է առնում միայն պրոֆեսիոնալների կարծիքը: Պրոֆեսիոնալները տվյալ դեպքում այն մարդիկ էին, ում հետ նա աշխատում է: Ժողովրդի 90 տոկոսը, նրա կարծիքով, եւս իր կողմից է: Ըստ նրա, դա են վկայում իր ձայներիզների ու համերգների տոմսերի արագ վաճառքը:

Ինչ վերաբերում է երգի արեւելյան ելեւէջներին` Անդրեն նկատեց.

«Մի մոռացեք, որ մենք բոլորս էլ արեւելցի ենք: Ինչու՞ չպետք է լինեին արեւելյան երանգներ: Ես դրանից չեմ խուսափում»: Նա նշեց, սակայն, որ միջազգային ութ մրցույթներում ներկայացրած իր բոլոր երգերը բացառապես ժողովրդական են եղել՝ «Հորովել», «Հով արեք, սարեր ջան» եւ այլն, սակայն «Եվրատեսիլն» էլ ժողովրդական երգի մրցույթ չէ: «Այնուամենայնիվ, ես շնորհակալ եմ իմ բոլոր քննադատներից, քանի որ դա էլ իր տեսակի մեջ մեծ գովազդ է եւ ավելի ուժեղ»,- ավելացրեց նա:

Անդրեի երգը սիրո մասին է եւ կոչվում է «Առանց քո սիրո»: Հայերեն տարբերակը դեռ չի ստեղծվել: Ինչ վերաբերում է մրցույթին առաջինը երգելուն, դա մի փոքր շփոթեցրել է իրեն, քանի որ, չգիտես ինչու, կարծել է, որ լինելու է 23-րդը: Մյուս կողմից, սակայն, ուրախ է, որ համացանցի կայքում Հայաստանը նշված է իբրեւ համերգի առաջին ելույթ, ինչն էլ նպաստել է, որ շատ շատերն առանձնակի հետաքրքրություն ունենան մեր երկրի նկատմամբ:

Համերգին երգը կհնչի կենդանի կատարմամբ: Մինչ այդ Անդրեն երգը կներկայացնի Ռուսաստանում, Ֆրանսիայում, Կիպրոսում, Հունատանում եւ այլուր: Այս եւ մյուս հյուրընկալող երկրների երգիչները կայցելեն մեր երկիր:

Հայաստանից շուրջ 25 հոգուց բաղկացած պատվիրակություն կմեկնի Հունաստան, որտեղ կայանալու է «Եվրատեսիլը»: Պատվիրակության կազմում կլինեն ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը, երգիչներ Հայկոն, Սիրուշոն, Վարդուհի Վարդանյանը եւ այլն: Ինչ վերաբերում է երկրպագուներին, նրանք էլ կարող են մեկնել, սակայն իրենց միջոցներով:

Թեեւ համերգի տոմսերն վաղուց արդեն վաճառվել են: