Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոսքի ազատությունը Հայաստանում 2015 թ. ԵՄԱ ամփոփագիր

Հասարակություն
dedd2429369025bc0bb4b2da862b3617

2015 թվականը բարդ և խնդրահարույց էր հայաստանյան լրատվական դաշտի համար: Խոսքի ազատության և լրագրողների իրավունքների ոլորտում մի շարք հիմնահարցերի տեսանկյունից եղան այնպիսի շրջադարձային զարգացումներ, որոնք անմիջականորեն ուրվագծեցին լրագրության սահմանները ոչ միայն անցյալ, այլ նաև՝ այս տարվա համար: Դրանցից առաջին հերթին պայմանականորեն առանձնանում են հեռարձակման թվայնացման անկատար գործընթացի, լրագրողների նկատմամբ բռնությունների աննախադեպ աճի, ինչպես նաև՝ օրըստօրե ահագնացող քարոզչական լրագրության հիմնահարցերը: Երկար ճանապարհ թվայնացման հետ 2015թ. հունիսի 23-ին Ազգային ժողովը հերթական անգամ ընդունեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը , և Հայաստանում անալոգային հեռարձակումից թվայինի անցման վերջնաժամկետը ևս մեկ անգամ հետաձգեց, այս անգամ՝ 2015թ. հուլիսի 1-ից 2016թ. հունվարի 1-ը: Արդեն դեկտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց կառավարության ներկայացրած  «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով ինչ-որ լուծում տրվեց գործող օրենսդրությունում եղած բազմաթիվներից ընդամենը երկու խնդրի: Մասնավոր մուլտիպլեքսների լիցենզավորման և շահագործման կարգ ու պայմաններ և 2010թ. թվային հեռարձակման լիցենզիա չստացած մարզային հեռուստաընկերությունների հետագա ճակատագիր՝ ահա այն երկու հարցերը, որոնք առանձնացրել էին կառավարությունն ու ԱԺ-ն: Եվ «լուծել» մի օրենքով: Սակայն նման օրինագծի ընդունմամբ անտեսվել են հեռարձակման ոլորտի ներկա վիճակի բազմաթիվ թերություններ: «Ընդունված օրենքը չի լուծում նաև Հայաստանի հեռարձակման ոլորտի մի շարք ավանդական խնդիրներ. կարգավորող մարմնի (Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի) անկախություն, իր գոյությունը ապահովող հարկատուների առջև Հանրային հեռուստառադիոընկերության հաշվետվողականություն, լիցենզավորման մրցույթների թափանցիկություն և անաչառություն», –2015թ. դեկտեմբերի 18-ին իրենց հայտարարության մեջ արձանագրում են հայաստանյան մի շարք լրագրողական կազմակերպություններ: Հեռահաղորդակցության ոլորտի պաշտոնյաների պնդումները, թե այս փոփոխությունների ընդունմամբ շեշտը դրված է սոցիալական բաղադրիչի վրա, այնքան էլ համոզիչ չեն: Բանն այն է, որ 2010թ. լիցենզիա ստացած մարզային հեռուստաընկերությունները 2016թ. հունվարի 1-ից գործելու են հեռարձակման թվային համակարգով, իսկ մնացածները՝ անալոգայինով: Դա սկզբունքորեն հակասում է թվայնացման գաղափարին և միջազգային կարգավորող նորմերին: Այդպիսով անալոգային հեռուստաալիքները մոտ ապագայում հայտնվելու են անբարենպաստ մրցակցային միջավայրում՝ ազդանշանի որակի, պաշտպանվածության և լսարանին հասանելիության ու գովազդատուների համար գրավչության առումով: Այլ կերպ ասած, իշխանությունները տեղական այդ հեռուստաընկերությունները չեն փակում առերևույթ՝ օրենքի ուժով, սակայն այդ օրենքով նրանց դնելով իրենց ստեղծած  անհավասար պայմաններում,  ի վերջո կհասնեն նրանց գործունեության աստիճանական դադարեցմանը։ Իսկ արտաքուստ այդ գործընթացը շատ բնական կթվա: Մինչդեռ հայաստանյան լրագրողական կազմակերպությունները 2010 թվականից էին ահազանգում, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները (նույնիսկ դեռևս նախագծի կարգավիճակում) չեն պարունակում թվայնացման գործընթացի կարգավորման մեխանիզմները: Մասնագիտական կազմակերպությունները, լրագրողական համայնքը և միջազգային կառույցները պարբերաբար  ահազանգում էին, որ թվային հեռարձակման լիցենզիաների ամրագրված 18 թիվը նշանակում է, որ գործող շատ հեռուստաընկերություններ զրկվելու են եթերից, նորերն ի հայտ չեն գալու, ինչն ամենևին չի նպաստելու բազմազանությանը, բազմակարծությանը և խոսքի ազատությանը: Ավելին՝ այստեղ