Սիրիայում կեսգիշերից փխրուն հրադադար է
Այսօր կեսգիշերին Սիրիայում հաստատվել է հրադադարը, բայց կրակոցները չեն դադարել։ Թեեւ զինադադարը կայացել է ԱՄՆ եւ ՌԴ միջեւ բանակցությունների արդյունքում, այսինքն՝ ամենաբարձր մակարդակով, այնուամենայնիվ Հոմսում եւ Հալեպում արդեն արձանագրվել են հրադադարի խախտումներ։ «Իրականում ոչ ոք չի կարող ասել, թե հրադադարը ինչ արդյունք կունենա եւ որքան կպահպանվի: Դրա համար կան եւ' նպաստավոր պայմաններ, եւ' խոչընդոտներ»,- ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը: Ըստ նրա՝ Սիրիայում հրադադարի պահպանմանը կարող են խոչընդոտել ինչպես դրսից, այնպես էլ ներսից: Դրսից դա կարող է լինել Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան. «Այս երկրների վարչակարգի անկանխատեսելի գործողություններին բազմիցս ենք ականատես եղել: Որեւէ երաշխիք չկա, որ նրանք զինադադարի որեւէ փուլում չեն փորձի խախտել այն»։ Արաբագետի կարծիքով, եթե Սիրիայում այս հրադադարը չկայանա, ապա սիրիական հարցի լուծումը կարող է տեղափոխվել ռազմադաշտ. «Այս պարագայում արդեն սպառնալիքները կամ հետեւանքները կարող են լինել գլոբալ, անգամ արտաքին դերակատարների ուղղակի բախման տեսքով, մասնավորապես՝ ՌԴ եւ Թուրքիայի»: Իսկ ի՞նչ ազդեցություն կունենա այս գործընթացը Հայաստանի վրա: Արմեն Պետրոսյանի խոսքով՝ մենք կշարունակենք կրել սիրիական հակամարտության ազդեցությունը անուղղակի կերպով. «Այն ազդել է մեզ վրա մեր հայրենակիցների՝ սիրիահայերի հոսքերի առումով: Նաեւ թեժացան ռուս-թուրքական եւ թուրք-իրանական հարաբերությունները: Հենց այս համատեքստում էլ հետագա զարգացումները կշարունակեն ազդեցություն ունենալ Հայաստանի վրա»,- եզրափակեց նա: