Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատարանը հայտնվել է փակուղում. Տ. Եգորյան

Հասարակություն
vardges-gaspari

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով դատական նիստն այսօր ավարտվեց՝ դեռ չսկսված։ Դատավոր Նելլի Բաղդասարյանը պաշտպան Տիգրան Եգորյանից հետաքրքրվեց, թե ինչու նիստին ներկա չէ Գասպարին։ Նա պաշտպանին 5 րոպե ժամանակ տվեց՝ պարզելու պատճառը, և Եգորյանը պատասխանեց, որ Գասպարին պատշաճ ծանուցված չի եղել։ Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին դատավորը 6 ժամով հեռացրել էր Գասպարիին դատական նիստից։ Պաշտպան Եգորյանի համար զարմանալի էր դատավորի նման դիրքորոշումը, երբ հենց դատարանն է նրան ազատել նիստերից։ Փաստաբան Տիգրան Եգորյանը հիշեցնում է՝ դատարանը չի կարող ինքն իր որոշումը վերանայել, այդպիսի լիազորություն «Քրեական դատավարության» օրենսգիրքը նրան չի տալիս: «Ակնհայտ է մի բան, դատարանը հայտնվել է փակուղում»,-ասում է պաշտպանը՝ հիշելով, որ նախ Վարդգես Գասպարիին բերման է ենթարկել մի քանի անգամ դատական նիստերին մասնակցությունն ապահովվելու նպատակով, դրանից հետո խափանման միջոց է ընտրել կալանքը՝ նիստերին մասնակցությունը ապահովվելու նպատակով, իսկ դատական նիստին հեռացրել է նիստերի դահլիճից: Նրա խոսքերով՝ դատարանը դեռ չի որոշել՝ ի՞նչ է ցանկանում. «Ինչ է անհրաժեշտ դատական այս պրոցեսի համար, ինչպիսի միջոցներն են համաչափ եւ պիտանի. արդյունքում ունենում ենք այսպիսի խառնաշփոթ, որից նաեւ դատավորը գլուխ չի հանում»,- նշեց Տիգրան Եգորյանը: Դատական հաջորդ նիստը՝ մարտի 9-ին։