ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹՆ ՕԳՆՈՒՄ Է ԽՆԴԻՐՆԵՐ ԼՈՒԾԵԼ
Աջակցիր «Ա1+»-ին«ԱՊՀ երկրներում էլ գրադարանների վիճակը ծանր է, միայն խնդիրը մեզ մոտ չէ»,- գրադարանային շաբաթվա փակման ժամանակ այսօր նշեց Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը:
Ըստ Դավիթ Սարգսյանի՝ գրադարանում միջոցառումները անցկացվել է համախմբված: Բոլոր մարզերում այս շաբաթվա ընթացքում անցկացվել են 200 միջոցառում, իսկ 100-ից ավելի միջոցառումներ կազմակերպվել են ազգային գրադարանում, որը ինքնանպատակ չէ:
Դավիթ Սարգսյանը հավաստում է, որ այս հինգ տարիների ընթացքում առաջին անգամ է միջոցառմանը մասնակցել Բելլա Քոչարյանը, ԱԺ նախագահը եւ վարչապետը հանդես են եկել ելույթով: «Գրադարանային շաբաթվա նպատակն այն է, որ տարբեր խավերի կողմից գրադարանը ստանա արժանի ուշադրություն: Ի՞նչ ավերածություններ կլինեն, եթե չլինեն այս շաբաթները: Միջոցառումների նպատակն է, որ մարդկանց վերադարձնենք դեպի գիրքը: Պետք է լինի նաեւ գրադարանավարի նախաձեռնությունը»,- վստահեցնում է նա:
Գրադարանների տնօրենները միջոցառումների շոշափելի ձեռքբերումը համարում են այն, որ 2004թվականին հոկտեմբերի 7-ը հռչակվել է գրադարանավարի տոն: Նաեւ ճանաչողական առումով մեծ նշանակություն ունի: «Ցանկալի է, որ մարզային միջոցառումներն էլ լուսաբանվեն»,- ասում է Ավետիկ Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը:
1990 թվականից շուրջ 275 գրադարաններ են փակվել: «Ավելի լավ է ունենալ քիչ թվով գրադարան, քան շատ քանակով, որից հասարակությունը լիարժեք չկարողանա օգտվել, լինի խնդիրներով»,- ասում է ազգային գրադարանի տնօրենը, բայց նաեւ հավելում. «Յուրաքանչյուր համայնք պետք է ունենա իր գրադարանը»: Իսկ ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանն ասաց, որ ուզում են, որ բյուջեից որոշակի տոկոս հատկացվի գրադարանին:
Ազգային ժողովում լսվելու է գրադարանների մասին օրենքի նախագիծը: «Երբ օրենքը ընդունվի, գրադարաններն իրենց պաշտպանված կզգան պետության կողմից, բայց չի նշանակում, որ օրենքը ընդունվի, գրադարանները կդադարեն ունենալ տեխնիկայի, շենքերի, գրքերի ֆոնդի վերանորոգման խնդիրներ»,- ասում է Դավիթ Սարգսյանը:
Վերջին տարիներին գրադարանների 90%-ը նոր գրքեր չեն ստացել: Երեւանյան գրադարանների ներկայացուցիչները այցելելով մարզային գրադարաններ ազգային գրադարանի ֆոնդից մի շարք գրքեր են տարել:
Ի դեպ, հավաքվածները թվեցին մի շարք մարզային գրադարանների խնդիրները, որոնք են շենքային խնդիրները, գրքերի ֆոնդը, ընթերցողների հաճախության պակասը, աշխատավարձի ցածրությունը, գրադարանային պայմանները: Բացի այդ, մարզերում կան գրադարաններ, որոնք ունեն միայն մեկ աշխատող, որը կատարում է բոլոր մասնագետների դերը: