«Եթե թոշակը չլիներ, աղքատությունը շատ ավելի մեծ կլիներ». նախարար (տեսանյութ)
Հայաստանում աղքատության մակարդակը հնարավոր չէ հաղթահարել՝ բնակչությանը բացառապես դրամական միջոցներ և տրանսֆերտներ հատկացնելով, կարևոր է նաև աշխատատեղերի ստեղծումը։ Չնայած սրան՝ ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի՝ իրավիճակը կարող էր ավելի բարդ լինել։ «Եթե չլինեին սոցիալական տրանսֆերտները՝ կենսաթոշակներն ու սոցիալական աջակցությունը, ապա աղքատությունը շատ ավելի մեծ կլիներ։ Եթե 14 թվականի տվյալներով մենք ունենք 30% աղքատության մակարդակ, ապա հակառակ դեպքում աղքատությունը կլիներ շուրջ 50%։ Ծայրահեղ աղքատությունը ավելի շատ կլիներ 6 անգամով»։ Ըստ նախարարի՝ խոցելի է հատկապես կենսաթոշակառուների վիճակը, որոնց հասանելիք գումարները վերջին տարիների ընթացքում պարբերաբար բարձրացվել են, սակայն այդ մակարդակը մնում է անբավարար։ «Միջին կենսաթոշակի չափը 41000 դրամ է, և բնական է, որ մեր կենսաթոշակառուների հիմնական կենսական խնդիրները լուծելու համար այդ գումարները պիտի ավելացվեն։ Յուրաքանչյուր տարի շուրջ 30 մլրդ դրամ ավելացնելով՝ կենսաթոշակի միջին չափը 15%-ով ավելացվել է»,- ասում է Արտեմ Ասատրյանը։