Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռուսաստանի՝ Սիրիայից զորքերի դուրսբերումը ծուղակ է» (տեսանյութ)

Քաղաքականություն
Styopa-Anush-nkar

Դեպի Եվրոպա փախստականների հոսքը չի դադարում։ Ըստ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի՝ այս իրավիճակում ճիշտ է եվրոպական որոշ երկրների պահվածքն այն իմաստով, որ չեն ցանկանում ընդունել այդ մարդկանց։ «Նրանք չեն պահպանում եվրոպական կարգուկանոնը և չեն հետևում օրենքի տառին։ Իսկ եթե փախստականները գնան Թուրքիա, թուրքական մշակույթի մեջ նրանց ինտեգրելն ավելի հեշտ կլինի»,-ասաց նա։ Տիկին Սեդրակյանը նաև շեշտեց, որ աշխարհաքաղաքական տարբեր իրողությունների ժամանակ Ռուսաստանն ու Թուրքիան երբեք պահը բաց չեն թողնում՝ այլ պետություններից փող պոկելու։ «Եվ Ռուսաստանը, և Թուրքիան այդ գումարն օգտագործում են զինամթերք գնելու համար, իսկ Հայաստանը տուժում է։ Այն պահին, երբ մենք կարող ենք գերտերություններից, այդ թվում՝ Ռուսաստանից, փող վերցնել, չենք անում։ Դեռ հակառակը, մենք ենք Ռուսաստանին փող տալիս»։ Ինչո՞ւ Ռուսաստանը Սիրիայից իր զորքերը դուրս բերելու որոշում կայացրեց։ «Կա պատրաստված ինչ-որ ծուղակ։ Ես չեմ տեսնում անհրաժեշտությունը, որի համար այդ երկիրը զորքերը դուրս բերեր։ Որքան անհասկանալի էր նրա մուտքը Սիրիա, նույնքան անհասկանալի է դուրս գալը»,-ասաց Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։ Այս դեպքում, նրա խոսքով՝ մի էական դերակատար դուրս է գալիս դաշտից. «Ո՞վ պետք է լցնի այդ վակուումը, անհասկանալի է։ Մեծ իմաստով Ռուսաստանն, իհարկե, չլուծեց իր խնդիրը՝ Սիրիա մտնելով, այսինքն, պատժամիջոցների հանումը։ Ռուս փորձագետների կարծիքով, սաուդիստները կամ Թուրքիան կարող են լցնել այդ վակուումը»,-նշեց նա։