ՄԵՐ ԱՆՈՒՆԸ` ԱՆԳԼԻԱԿԱՆ ԲԵՄՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 7-ին Լոնդոնում բրիտանական BBC համաշխարհային մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ համաշխարհային քվեարկության արդյունքում 20 000 ձայների շնորհիվ World Music երաժշտական ուղղություններում ամենահանրահայտ կատարողը ճանաչվեց Արտո Թունչբոյաջյանի «Armenian Navy Band» համույթը:
Մրցանակը ստացավ անձամբ ղեկավարը, որը բոլոր տեսակի հարվածային գործիքների վարպետ է, կոմպոզիտոր եւ երգիչ: «Սա ոչ միայն մեր հաղթանակն է, այլ ամբողջ հայ ժողովրդինը: Շնորհակալություն ենք հայտնում այս 8 տարիներին մեզ հետ եղողներին»,- այսօր համույթի հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում համույթի մենեջեր Ջոն Գրիգորյանը:
Հանդիսությանը Արտո Թունջբոյաջյանը հանդես է եկել 2 ստեղծագործություններով, որոնք կատարվել են գուլար գործիքով եւ շշերով: Համույթի անդամները կարեւորում են, որ իրենք մրցանակի են արժանացել հատկապես հանդիսատեսի ձայների շնորհիվ:
Համույթն առաջադրվել է «Եվրոպական լավագույն խումբ» եւ «Հանդիսատեսի համակրանք» նոմինացիաներում: Յուրաքանչյուր մայրցամաքից առաջադրվել է 4 կատարող: Եվրոպական կոլեկտիվների շարքում ներկայացված էին իտալական Enzo Avitabile & Bottari, ռումինական Fanfare Ciocarlia եւ ֆոդու ոճի հանրահայտ պորտուգալացի կատարող Mariza-ն:
Արտո Թունչբոյաջյանն այժմ գտնվում է Նյու Յորք քաղաքում եւ Հայաստան կժամանի ապրիլի 20-ից հետո: «Armenian Navy Band»-ում երաժշտությունը գրում է Արտո Թունչբոյաջյանը, իսկ խումբը կատարելագործում է: «Խմբում ամեն մեկը անհատականություն է, ամեն մեկն իր ներդրումն է անում»,- նշեց մենեջերը:
Խմբի անդամները հավաստում էին, որ ոչ միայն Լոնդոնում էին նրանց բոլորը ճանաչում, այլ նաեւ Եվրոպայի մի շարք երկրներում: «Հայաստանում ոմանց մոտ տարակուսանք է առաջացնում («Armenian Navy Band»-ի երաժշտությունը- խմբ.), իսկ դրսում ավելի լավ է ընդունվում, հասկացվում»,- ասում է սակսաֆոնահար Արմեն Հյուսնունցը:
Հրավերների մասին խոսելիս նրանք նշեցին, որ հունիսի 4-ին եւ 5-ին համերգներով հանդես կգան Իտալիայում: Իսկ հոկտեմբերին ելույթ կունենան Ֆրանսիայում` հայաստանյան օրերի հետ կապված:
Թունչբոյաջյանը երկար ժամանակ ելույթներ է ունենում եւ ձայնագրություններ կատարում Բոբ Բերգի, Բիլ Էվանսի, Սիմոն Նաբատովի, «Oregon», «Sistem of A Down» խմբերի, համաշխարհային ջազի եւ ռոք-բեմի այլ գերաստղերի հետ: Իսկ սեփական խմբում փոփոխություններ հաճախ չեն լինում, այս 8 տարիների ընթացքում միայն 2 անգամ է եղել:
Ի դեպ, Արտո Թունչբոյաջյանի 19 ամյա որդին՝ Սեդրակը, շարունակում է հոր գործը: Նա ունի 2 ամյա «Սեդրակ» պրոջեկտ անվամբ խումբ, որն օրերս կժամանի Հայաստան եւ համատեղ համերգներ կունենա: Նշենք նաեւ, որ ապրիլի 20-ից հետո կկայանա Ավանգարդ ֆոլկ փառատոնը, որին հրավիրված կլինեն արտասահմանյան հայտնի երաժիշտներ: