Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր երկրում էլ է հնարավոր նորաձևության բիզնեսով զբաղվել»

Հասարակություն
shush1-1

Թերեզա Ղարաբաղցյանը մոտ տասը տարի է՝  մասնագիտացած է տնտեսագիտության եւ մարքետինգի ոլորտում, սակայն վերջին երկու տարին իր ժամանակի մի մասը նվիրել է հագուստի մոդելավորմանը՝ հիմնելով սեփական ապրանքանիշը։ Նրա հետ զրուցեցինք նորաձեւության, երկու աշխատանքները համատեղելու դժվարության և այլ հարցերի մասին։ Ինչո՞վ գրավեց Ձեզ դիզայների աշխատանքը։ Ե՞րբ եք առաջին անգամ թել ու ասեղ վերցրել եւ սկսել ստեղծագործել: Դա նախախնամված էր դեռևս իմ թվարկությունից առաջ… (կատակում է,-խմբ.)։ Տատիկս շատ լավ դերձակ է եղել, հետագայում նաև մայրս է հագուստներ ստեղծել: Հիշում եմ՝  կտորների մնացորդներով տիկնիկներիս համար հագուստներ էի ստեղծում: Շատ գեղեցիկ տիկնիկներ ունեի, նրանց որպես «մոդելներ» էի պատկերացնում և ինձուինձ  «դեֆիլեներ» էի կազմակերպում: Հետագայում, տարբեր հանգամանքների ազդեցությամբ, մասնագիտությանս ընտրության հարցում հանգեցի տնտեսագիտության որևէ ճյուղում մասնագիտանալու որոշմանը (hիմա ունեմ ընդհանուր տնտեսագետի որակավորում, իսկ մասնագիտացմամբ բիզնեսի կառավարիչ  և մարքետոլոգ եմ): Այնուհանդերձ, մանկությանս «խաղը» կիսատ էր մնացել: Բոլորի պես ես էլ շարունակ փնտրում էի ինքս ինձ մաքսիմալ կերպով ռեալիզացնելու միջավայր և գործունեություն: Դրան գումարվեց նաև ստեղծելու, արարելու և օգտակար լինելու ցանկությունս, իսկ արդյունքը եղավ TERESS-ը: shush3 Հե՞շտ է գումար վաստակել հագուստ ստեղծելով: Առհասարակ, դիզայներությունը մեր երկրում կարո՞ղ է բիզնես դառնալ: Հարցի առաջին մասին հետևյալ կերպ պատասխանեմ. նախ՝ կարծում եմ, որ առհասարակ գումար վաստակելը հեշտ չէ: Ցանկացած նորմալ իրավիճակում այն ջանք ու շատ աշխատանք է պահանջում: Եվ հատկապես, երբ խոսքը գնում է որևէ աշխատանքի մասին, որտեղ կա նաև ստեղծագործական մոտեցում և արվեստի տարրեր, գործն ավելի է բարդանում գումար վաստակելու հարցում: Սակայն մեր երկրում էլ է հնարավոր նորաձևության բիզնեսով զբաղվել:  Ամեն դեպքում, ես այդ տեսլականը ունեմ և այդ ճանապարհն եմ բռնել։ shush2 Ի՞նչ բացեր եք նկատում հայկական նորաձևության մեջ, որ կցանկանայիք լրացնել: Ուզում եմ իմ տեսանկյունից նկատել, որ իսկապես հրաշալի, տաղանդավոր գործող անձինք ունենք հայկական դեռևս զարգացող նորաձևության ասպարեզում: Նկատառումս վերաբերում է թե՛ փորձառուներին և թե՛ սկսնակներին: Իսկ ինչ վերաբերում է բացերին, ապա ինձ թույլ կտամ նկատել միայն այն, որ մեր առաջատարները ստեղծում են և իրենց հավաքածուներում առաջարկում են հիմնականում երեկոյան և կոկտեյլային զգեստներ: Մինչդեռ չկրկնվող, տարբերվող և յուրօրինակ ներկայանալու պահանջն ամեն օր է: Հե՞շտ է համատեղել դիզայների եւ Ձեր հիմնական աշխատանքը: Չեմ կարող ասել, որ հեշտ է: Երկու աշխատանքներն էլ ժամանակ, ուշադրություն և ջանքեր են պահանջում: Փորձում եմ հնարավորինս աշխատանքներս կազմակերպել այնպես, որ որևէ դեպքում արդյունքը չտուժի: Խոստովանեմ՝ միշտ չէ, որ հաջողվում է: shush4 Կարծիք կա, որ դիզայներական հագուստը հասանելի է միայն բարձր խավի համար: Ի՞նչ կասեք այս առումով: Ինքս «բարձր խավ» ասվածի փոխարեն կօգտագործեմ նպատակային, թիրախային հաճախորդներ հասկացությունը: Այո, դիզայներները նույնպես կարող են աշխատել կոնկրետ նկարագիր ունեցող պոտենցիալ հաճախորդների խմբի համար: Դա բիզնես տեսանկյունից, բնականաբար, արդարացված է և հենց այդպես էլ պետք է գործի համակարգը: Այս հարցի շուրջ երկար կարող էի ծավալվել՝ անդրադառնալով սոցիալական, տնտեսական, հոգեբանական ասպեկտներին, սակայն այս պահին կսահմանափակվեմ հետևյալ ձևակերպմամբ. «Հասանելիությունը որոշում են երկու կողմերը. այն դեպքում, երբ դիմացի կողմը դեպի քեզ չի գալիս, ապա ինքդ մինչև վերջ մոտեցիր նրան, եթե դա քեզ պետք է»:   Զրուցեց Շուշան Շատիկյանը