Ալեքսանդր Գինդինը՝ հանուն խաղաղության (տեսանյութ)
«Այն, ինչին դիվանագետներն ու քաղաքագետները հասնում են խոսքով ու հայտարարություններով, երաժիշտները կարող են տեղ հասցնել իրենց արվեստով, հրաշալի երաժշտական կտավների փայլուն կատարումներով, որին կարձագանքի ունկնդիրը և որը կստիպի նրան խորհել: Երաժիշտը պետք է համամարդկային արժեքների կրողը լինի:»- համոզված է անվանի դաշնակահար, «Երաժիշտները հանուն խաղաղության» միջազգային նախագծի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գինդինը: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված համերգին նրա վիրտուոզ ելույթն անխոս դրա հաստատումն էր: «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության և «Երաժիշտները հանուն խաղաղության» միջազգային նախագծի համատեղ նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում մի շարք երկրներում կանցկացվեն համերգ-ձեռնարկներ, որոնց ընթացքում միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ հանդես կգան հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով: «Այս համերգ-ձեռնարկով կազմակերպիչներն ու մասնակիցները իրենց զորակցություն են հայտնում ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ հանցագործությունների դատապարտմանը», ասաց «Ռուս-հայկական համագործակցության» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը: Ի դեպ, համերգի խորագիրը` «Իմ ուղին» դիվանագետ և կոմպոզիտոր, մոսկվաբնակ Դավիթ Մնացականյանի ստեղծագործության անվանումն է: Հաջորդ համերգը կկայանա Մոսկվայում ՝ ապրիլին: