Այլմոլորակայիններ՝ տեղամասերի մոտ (տեսանյութ)
Հանրապետականը քվեարկությունից հետո ընտրացուցակների հրապարակումը մերժելու համար շատ ծանր մի փաստարկ ունի։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հարցնում է. «Իսկ դուք ի՞նչ եք կարծում, մենք չե՞նք մտածում, որ կարող է նրանք դիտավորյալ այդ հարցը բարձրացնում են, որ, ենթադրենք, ընտրություններից հետո փաստի առաջ կանգնացնեն, ասեն 14 թվականից հետո ՍԴ-ն այս դրույթը հակասահմանադրական էր ճանաչում, հիմա դարձավ սահմանադրական: Այդ ո՞նց եղավ»։ Մատների թանաքոտման ընդդիմության հինգ պահանջներից հաջորդին էլ է դեմ Վահրամ Բաղդասարյանը՝ ընտրողները չեն մասնակցի ընտրություններին. «Կլինեն կանայք, երիտասարդներ, որ կտրականապես կամ մարմնի որեւէ մասերում որեւէ գործողություններ կատարեն»: Իսկ գուցե հանրապետականը մերժում է քվեարկությունից հետո ընտրացուցակների հրապարակումը, որովհետեւ դրանք ընտրակեղծարարության Հանրապետականի հիմնական ռեսու՞րսն են: Պարոն Բաղդասարյանը դեմ է ընտրացուցակների հրապարակմանը, որովհետեւ իշխանությանն արջի ծառայություն մատուցող պաշտոնյաները կստիպեն իրենց ենթականերին գնալ եւ քվեարկել իշխանության թեկնածուի օգտին: Այո, բայց Հանրապետականը կարող է մատ թափ տալ այդպիսի պաշտոնյաների վրա եւ արգելել ընտրողներին ուղղորդելը. «Յուրաքանչյուրը նախ մինչեւ քաղաքական գործիչ լինելը սովորական մահկանացու է եւ ուզում է իր դիրքերն ամրապնդել եւ ուզում է ցույց տալ, որ ինքը շատ լավ է աշխատում»: Իշխող խմբակցության ղեկավարն ընդդիմությանն առաջարկում է համաձայնվել էլեկտրոնային գրանցման եւ նույնականացման քարտերով քվեարկելու գաղափարի հետ: Թերեւս իշխանությունը դեմ չէ տեղամասերը տեսանկարահանող սարքերի տեղադրման գաղափարին. «Ֆինանսավորման հարցերով բանակցությունները նույնպես գնում են, որ բոլոր ընտրատեղամասերը նկարահանվեն»: Ընտրացուցակները մաքրելու գաղափարն էլ է խոցելի՝ մարդիկ 3-4 տարի Հայաստանում չեն, բայց ընտրությունների օրը որոշում են գալ ու քվեարկել. «Ես երեք անգամ մեծամասնական ընտրակարգով ընտրության եմ մասնակցել: Բոլոր ընտրությունների ժամանակ հարյուրավոր մարդիկ եկել են, որոնք 3-4 տարի Հայաստանում չեն եղել, պարզապես զուտ ընկերական, մարդկային կապերով եկել են մասնակցել են ընտրության»: Ընդդիմությունն, ըստ պարոն Բաղդասարյանի, անում է ամեն ինչ, որ իշխանությունը նրա հետ չհամաձայնվի: Շուտով կառաջարկեն տեղամասերի մոտ այլմոլորակայիններ կանգնեցնել, որ կեղծիքներ արձանագրեն: