Հացի խնդիր՝ Ճամբարակում (տեսանյութ)
Ինչպես կերակրել 4 երեխաներին։ Ճամբարակցի Մարինե Փիրումյանին ամեն օր է անհանգստացնում այս հարցը։ 90-ականներին Արծվաշենից այստեղ գաղթած ընտանիքը հազիվ է գոյատևում. «Չորս երեխու հետ, աշխատանք չկա»,- ասում է Մարինեն։ Գումար չլինելու պատճառով երեխաները նաև թերի կրթություն են ստանում։ «Մանկապարտեզին 3000 դրամ գումար են ուզում, պիտի լինի՞ որ երեխային կարողանամ տալ մանկապարտեզ, հնար չունեմ»։ «Ռոլան Բիկով» հիմնադրամն անակնկալ էր պատրաստել այս ընտանիքի երեխաների համար։ Նրանց բաժին հասան «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 11-րդ փառատոնի ընթացքում հավաքված իրերից։ Ռոլան մանկապատանեկան ֆիլմերի փառատոնի ցուցադրությունը անվճար էր, բայց կար պայման՝ հանդիսատեսը նվերներ պետք է բերեր անապահով ընտանիքների համար։ Հիմնադրամի ներկայացուցիչ Մարիամ Բախշյանը նշում է. «Փշաքաղվում էի ամեն վայրկյան ու ոչ մի բառ չէի կարողանում ասել, հասկանում էի, թե ինչ կարևոր բան արեցինք»։ Տաթևիկ Հովհաննիսյանն ավելացնում է. «Ահավոր տպավորված եմ, որ լումա ունեմ սրա մեջ, մյուս կողմից մտածում եմ՝ պետք է շատ ավելին անեինք»։ Ճամբարակ քաղաքի ևս 8 ընտանիք և երկու մանկապարտեզ հյուրընկալեց «Ռոլան Բիկով» հիմնադրամի ներկայացուցիչներին։ Երջանիկ էին հատկապես թիվ 3 մանկապարտեզի սաները։ Իսկ փոքրիկներն այս կերպ իրենց շնորհակալությունը հայտնեցին երգելով։ «Ապրում ենք սահմանում, բայց միշտ մտածելով որ մեր թիկունքին մեր մասին մտածող կա, այս երեխաների համար անհանգստանում են։ Այս ուրախությունը հենց այնպես չէ, յուրաքանչյուր տուն, ընտանիք լսելու է, որ սահմանում ապրող երեխաների համար բերել են խաղալիքներ»,- ասում է մանկապարտեզի տնօրեն Էլեոնորա Դանիելյանը։ «Ռոլան Բիկով» հիմնադրամի անդամները խոստանում են ակցիան կրկնել նաև այս տարի՝ 12-րդ փառատոնի ժամանակ՝ նորից Ճամբարակ այցելելու մտադրությամբ։