Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատազրկել, թե տուգանել՝ կորոշի ԱԺ-ն

Քաղաքականություն

ԱԺ պատգամավոր Էդմոն  Մարուքյանի առաջարկած նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածում, կքննարկվի  ԱԺ-ում: Էդմոն Մարուքյանը առաջարկում է կեղծ տվյալներ հայտնելու, ուրիշի փոխարեն քվեարկելու կամ կրկնակի քվեարկելու դեպքում սանկցիայից հանել տուգանքը՝ որպես պատժատեսակ, և թողնել միայն ազատազրկման ձևով պատիժը: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ տուգանքը չափազանց մեղմ պատժատեսակ է նման արարքի կատարման համար և չի կարող ապահովել պատժի՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված նպատակները: Նախագիծը ներկայացնող Արդարադատության նախարար Արփինե Հովհանիսյանը նշեց, որ օրենսգրքի տրամաբանության հետ որոշակի հակասություններ կան, ուստի այս հարցը, ըստ նրա, պետք է քննարկվի: Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը կարծում է, որ եթե նախագիծը չընդունվի, ապա պետք է խստացնել տուգանքի չափը։ Աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը համաձայնեց Արփինե Հովհաննիսյանի հետ։ Ըստ նրա՝ դատարանը պետք է որոշի՝ ինչպես պատժել օրինազանց քաղաքացուն։ «Քի՞չ են դեպքեր լինում, որ գյուղում ամուսինը կնոջ անձնագրով գալիս է՝ քվեարկում, խախտում է՝ այո, պետք է տուգանել, բայց ոչ ազատազրկել»: «Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի՝ մենք տանք համաձայնություն, ԱԺ-ն կորոշի: Իրավական առումով ես էլ եմ համարում, որ ճիշտ չէ»,- վերջում հավելեց վարչապետը։ Նախագծին  դրական եզրակացություն տրվեց: