Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բողոքի երթ Երևանում՝ ընդդեմ Ռուսաստանի կեցվածքի

Քաղաքականություն
rd

Երևանում վաղը՝ ապրիլի 13-ին, բողոքի երթ կանցկացվի վերջին բախումների ընթացքում Ռուսաստանի կեցվածքի ու ՌԴ կողմից Բաքվին զինելու փաստի դեմ։ Ակցիան կմեկնարկի ժամը 18:30-ին՝ Երևանի Ազատության հրապարակում, ու կեզրափակվի ՌԴ դեսպանատան դիմաց: Մասնակիցները պահանջելու են Ռուսաստանից կատարել ռազմաքաղաքական դաշնակցի իր պարտականությունները, իր հետագա որոշումներում հարգել Հայաստանի անվտանգության և ազգային շահերը, անհապաղ դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին: «Տարիներ շարունակ Ռուսաստանը Ադրբեջանին վաճառել է շուրջ 5 մլրդ ԱՄՆ դոլարի ռազմամթերք, այդ թվում՝ զանգվածային ոչնչացման զենքեր` կասետային մարտագլխիկներով «Սմերչ» համազարկային կրակի համակարգեր և ТОС-1А «Սոլնցեպյոկ» ծանր հրետանի: Ռուսաստանի այն արդարացումը, որ եթե իրենք չվաճառեին, ապա Ադրբեջանը զենքը կգներ այլ երկրներից, իրականում ստոր սուտ և կատարված հանցագործության համար պատասխանատվությունից խուսափելու փորձ է, քանի որ համարժեք զենքեր արտադրող մյուս երկրները (ԱՄՆ, Ֆրանսիա և այլն) հրաժարվել են Ադրբեջանին սպառազինելուց», - նշվում է նախաձեռնության հաղորդագրությունում: «Ռուսաստանի կողմից հակահայկականության դրսևորում էին վերջին օրերի դիվանագիտական զարգացումները, որոնց գագաթնակետը Բաքվում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողմից մեր դեմ սանձազերծված ռազմական ոտնձգությունների ժամանակ սպանված ասկյարների հուշահամալիր-պանթեոնում ծաղկեպսակի տեղադրումն էր, ինչպես նաև՝ ՌԴ վարչապետի ու փոխվարչապետի հայտարարությունները Ադրբեջանին սպառազինության վաճառքը շարունակելու մասին: Պահանջների չկատարման դեպքում Հայաստանի հասարակությունը մի վերջին անգամ կամրագրի, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը չէ, և Հայաստանն իր հերթին կաշկանդված չի լինի նրա հանդեպ դաշնակցային պարտավորություններով»,- շեշտում են երթի կազմակերպիչները: