Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄԻԿԱՆ» ԵՎ «ՓՅՈՒՆԻԿԸ» ԳԱՎԱԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ

Սպորտ

Այսօր կայացան ֆուտբոլի Հայաստանի գավաթի 2006թ. խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումները: Գործող չեմպիոն «Միկան» դեռեւս առաջին մրցավեճում 3 անպատասխան գնդակ ուղարկելով «Կիլիկիայի» դարպասը, գործնականում ապահովել էր հաջորդ փուլի ուղեգիր: «Հրազդան» մարզադաշտում կայացած պատասխան մրցավեճում կրկին հաղթեցին «Միկայի» ֆուտբոլիստները՝ այս անգամ նվազագույն 1:0 հաշվով:

Կիսաեզրափակիչի մյուս խաղում «Բանանցը» «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալել էր «Փյունիկին», որին առաջին մրցավեճում զիջել էր 0:1 հաշվով: Պատասխան մրցավեճը, ի տարբերություն առաջինի, անցավ բավական դիտարժան եւ դրամատիկ պայքարում: Արդեն 11-րդ րոպեին «Բանանցի» առաջատար 2005թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Արամ Հակոբյանը գլխի դիպուկ հարվածով բացեց խաղի հաշիվը: 20 րոպե անց նույն Արամ Հակոբյանը անվրեպ իրացնելով 11 մետրանոց տուգանային հարվածը՝ կրկնապատկեց հաշիվը: Ընդամենը 5 րոպե անց, արդեն «Բանանցին» նշանակվեց 11 մետրանոց, սակայն «Փյունիկի» կիսապաշտպան Աղվան Մկրտչյանի հարվածը ետ մղեց սերբ դարպասապահ Ռադաչան:

Այնուամենայնիվ Աղվան Մկրտչյանին 83-րդ րոպեին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը եւ ուղղել սեփական սխալը: Թեեւ «Բանանցը» հաղթեց 2:1 հաշվով, սակայն եզրափակիչ դուրս եկավ «Փյունիկը», որը մայիսի 9-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի «Միկայի» հետ: