«Պետությունը չի կարող միայնակ պահպանել հուշարձանները» (տեսանյութ)
Ապրիլի 18-ը Հուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրն է, որն այս տարի ուղղված է սպորտային հուշարձանների կողմը: Հայաստանում, ընդհանուր հաշվով, մոտ 25 հազար հուշարձան կա: Ինչպե՞ս է իրականացվում դրանց պահպանումն ու վերականգնումը: ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը կարծում է, որ այդ հարցում պետությունը եւ հասարակությունը պետք է համագործակցեն. «Այսօր մեր պետության հնարավորության սահմաններում զգալի աշխատանքներ են տարվում հուշարձանների պահպանման եւ վերականգնման համար, սակայն այդ հուշարձանների թիվը եւ տարվող աշխատանքների ծավալը համադրելի մեծություններ չեն: Հանրությունն ինքը պետք է իր ազգային արժեքների պահպանության խնդիրներով հետաքրքրված լինի: Չկա մի պետություն, երկիր, որը կարողանա ամբողջապես այդ խնդիրները լուծել՝ անկախ իր տնտեսական վիճակից: Հայաստանյան իրականության մեջ ունենք հուշարձանների ավերման, անտեր լինելու փաստեր, որը պետք է աստիճանաբար վերացնենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա՝ որպես լուծում առաջարկելով հետեւյալը. «Այն պահից, երբ պետությունը կսկսի սոցիալական այնպիսի ծրագրեր մշակել, որտեղ հուշարձանը տեղ ունի այդ ծրագրերում՝ այս գյուղի, այս մարզի համար, եւ այդ գյուղի, տարածքի ժողովուրդը կհասկանա, որ այդ հուշարձանն իրեն կարող է շահ բերել, այդ դեպքում հուշարձանը շատ լավ կպահպանվի»: Պարոն Ավետիսյանն անդրադարձավ նաեւ վերջերս Սյունիքում տեղի ունեցած գանձագողության դեպքին՝ նշելով, որ նա ձեռնպահ կմնար քաղաքացուն գանձագող անվանելուց. «Ճիշտ է, դա հուշարձանի տարածքում չի հայտնաբերվել, բայց այդ մարդը հատուկ սարքերով է փնտրել, ինչն օրենքի խախտում է: Պարզապես նրա բախտը բերել է, որ տարածքը հուշարձանի տարածք չի եղել: Հնագիտական հուշարձանները պեղվում են միայն համապատասխան գիտական հաստատությունների աշխատակիցների կողմից»: Հանդիպմանը ներկա՝ Հուշարձանների ու տեսարժան վայրերի պահպանության միջազգային խորհրդի հայաստանյան կոմիտեի նախագահ Գագիկ Գյուրջյանը համաձայնեց Պավել Ավետիսյանի հետ. «Պետական քաղաքականության այդքան միջոցներ ներկա պայմաններում հնարավոր չէ ներդնել հուշարձանների պահպանման համար, ուստի պահպանություն պետք է իրականացնեն նաեւ քաղաքացիները»: