Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որքան գումար կստանան ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքները

Հասարակություն
sahman1-1

ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը այսօր ներկայացրել է, թե որքան գումար կստանան ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված անձանց ընտանիքները, վիրավորում ստացած զինծառայողները։ Զոհված սպայի ընտանիքը, որտեղ կա երկու անչափահաս երեխա և նրանց խնամող կին, կստանա ամսեկան 250 հազար դրամ, նույն կարգավիճակն ունեցող պայմանագրային զինծառայողի ընտանիքը ամսեկան կստանա 200 հազար դրամ։ Նշենք, որ այս գումարի իրենց չափաբաժինը երկու անչափահաս երեխաները կստանան մինչև 18 տարեկան դառնալը, իսկ զինծառայողի ընտանիքի հաշմանդամ ճանաչված ծնողները կամ ամուսինը՝ ցմահ։ Պարտադիր ժամկետային զինծառայողի դեպքում, ըստ Սմբատ Սաիյանի, հաշվարկն այլ է։ Շարքային զինծառայողի ծնողները կստանան հավելյալ 31000 դրամ, երբ որ կանցնեն թոշակի։ Կենսաթոշակառու ընտանիքը կստանա ևս 30000 դրամ պարգևավճար։ Եթե զոհված զինծառայողի ընտանիքի անդամը կենսաթոշակային տարիքի չէ նման գումարներ չի ստանա, փոխարենը ընտանիքը 30000 դրամ պարգևավճար կստանա։ Պետությունը որևէ կերպ գումար չի հատկացնի այն անձանց, ովքեր ռազմական գործողությունների ընթացքում ստացել են վիրավորում, սակայն չունեն հաշմանդամության կարգ։ Պարոն Սաիյանը այդ մարդկանց համար ընդամենը բարեմաղթանք ուներ. «Եթե ուղղակի վիրավորվել է, շատ ուրախ ենք, որ ինքը հետագայում հնարավորություն կունենա վերադառնալ ակտիվ կյանք»։ Ըստ նրա՝ այս մարդիկ միայն անվճար բուժում կստանան։ ՀՀ պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած սպաները կստանան թոշակ հետևյալ չափերով. առաջին կարգ՝ 55000 դրամ, երկրորդ կարգ՝ 50000 դրամ, երրորդ կարգ՝ 36000 դրամ։ Ի լրումն սրա՝ հաշմանդամ ճանաչված զինծառայողները կստանան պարգևավճար՝ սահմանված ըստ հաշմանդամության խմբերի՝ առաջին կարգ՝ 55000 դրամ, երկրորդ կարգ՝ 48000 դրամ և 36000 դրամ։ Այս գումարները սպաները կստանան ամեն ամիս։ Շարքային զինծառայողների հաշմանդամության գումարները կլինեն ավելի ցածր՝ առաջին կարգ՝ 36000 դրամ, երկրորդ կարգ՝ 26000 դրամ, երրորդ կարգ՝ 18000 դրամ։ Ի լրումն սրա՝ շարքայինները կստանան նույն պարգևավճարները, ինչ սպաները՝ առաջին կարգ՝ 55000 դրամ, երկրորդ կարգ՝ 48000 դրամ և երրորդ կարգ՝ 36000 դրամ։ Իսկ ՀՀ այն քաղաքացիներ, ովքեր կամավոր են մեկնել ռազմաճակատ ու ստացել են վիրավորում, ստիպված կլինեն սպասել մինչև ապրիլի 20-ը. Այդ օրը կառավարությունը կորոշի, թե մշտական ինչ եկամտի աղբյուրներ են ունենալու նրանք։