«Ձեռքներդ հեռու Արցախից». վաղը՝ արժանապատվության պահանջ-երթ
Սույն թվականի ապրիլի 21-22 ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանում է Երևան՝ Հայաստանի իշխանությունների հետ քննարկելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Կրեմլի պլանը: Գիտակցելով պահի լրջությունը և ԶԼՄ-ներով շրջանառության մեջ դրված հակահայկական ծրագրերի վտանգավորությունը արյունով վերանվաճված ու պաշտպանված Արցախի Հանրապետության համար` ապրիլի 21-ին, ժամը 18:30-ին Ազատության հրապարակից երթով շարժվելու ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարություն և ՌԴ դեսպանատուն՝ Հայաստանի ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ընդառաջ հնչեցնելու մեր պահանջները: Այս մասին հայտարարում են «Ձեռքներդ հեռու Արցախից. Արժանապատվության պահանջ-երթ» նախաձեռնության կազմակերպիչները՝ ներկայացնելով նաև իրենց պահանջները։ Պահանջում մասնավորապես ասվում է. Մենք, դասեր քաղելով Արցախի վրա Ադրբեջանի ռազմական ագրեսիայից, իրականացրած պատերազմական հանցագործություններից հատկապես՝ ապրիլյան չորսօրյա պատերազմի ժամանակ, հայտարարում և պահանջում ենք՝ 1. Հայաստանը և Արցախը Ադրբեջանին որևէ թիզ հող չունեն հանձնելու, ընդհակառակը՝ վերջինիս սաստելու, սեփական ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու համար անվտանգության ավելի ընդարձակ գոտի ստեղծելու կենսական անհրաժեշտություն ունեն, 2. Արցախի խաղաղության և անվտանգության միակ ապահովող եղել է և պիտի մնա մեր՝ Արցախի զինվորը, իսկ միջազգային խաղաղապահներ պետք է տեղակայվեն Ադրբեջանում՝ բնիկ ժողովուրդներին՝ թալիշներին, լեզգիներին, ավարներին և այլոց պաշտպանելու համար, 3. Ապահովել Ադրբեջանից փախստական դարձած հայերի, այդ թվում՝ շահումյանցիների անվտանգ շուտափույթ, կամավոր ու անվտանգ վերադարձը Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական շրջաններ, 4. Ճանաչել միջազգային իրավունքին համահունչ Արցախի անկախությունը, 5. Դադարեցնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանի սպառազինումը նորագույն հարձակողական ու զանգվածային ոչնչացման զենքերով, որոնք օգտագործվել եւ օգտագործվելու են Հայաստանի ու Արցախի դեմ: