«Չեմ կարող հակաճառել Լևոն Տեր-Պետրոսյանին» (տեսանյութ)
ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ ՀՀ-ն պետք է շատ արագ ճանաչի Արցախի անկախությունը։ «Ա1+»-ի հետ զրույցում, պատասխանելով այս հարցին, նա նշեց. «Այո, միանշանակ պետք է ճանաչի։ Իսկ բանակցությունների վերսկսման դեպքում Արցախը պետք է դառնա բանակցային կողմ և միայն Արցախն ու Ադրբեջանը բանակցեն՝ առանց Հայաստանի»։ Պարոն Եղիազարյանը մեր խնդրանքով մեկնաբանեց նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը։ Հիշեցնենք, որ վերջինս նշել էր, թե քանի դեռ Հայաստանը զուրկ է միջազգային կազմակերպությունների կամ թեկուզ մեկ գերտերության աջակցությունից, պետք է զերծ մնալ Ղարաբաղի անկախությունը միակողմանիորեն ճանաչելու խելահեղ մտքից։ «Ես չեմ կարող հակաճառել Լևոն Տեր-Պետրոսյանին, որովհետև նա լրջագույն քաղաքական գործիչ է։ Բայց ինչ վերաբերում է գերտերությունների՝ մեզ սատար կանգնելուն, գիտեք ինչ՝ թույլին չեն սատարում։ Լևոն Տեր-Պետրոսյանը 1998 թվին, երբ դեռ հրաժարական չէր տվել, հանդես եկավ նոր բանաձևով՝ Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ։ Այդ բանաձևը համահունչ էր եվրոպական մոտեցումներին։ Բայց չհամաձայնեցին այդ բանաձևին, նա էլ գրեց «Պատերազմ, թե խաղաղություն»-ը։ Հիմա էլ խաղաղություն չկա, պատերազմ է»։ Այժմ էլ, նրա խոսքով՝ թուրքերը պատրաստ չեն ոչինչ զիջելու. «Չեմ ասում Ադրբեջան, որովհետև Ուլանովի ծննդաբերածը ես երկիր չեմ համարում»։ Ի՞նչ պետք է անի այսօրվա իրավիճակում Սերժ Սարգսյանը, պարոն Եղիազարյանն ասաց. «Առաջին հերթին Սերժ Սարգսյանը պետք է գնա քաղաքական ուժերի հետ կոնսոլիդացիայի։ Պետք է ոչ թե ձևական արվի այդ կոնսոլիդացիան, այլ լրջագույնս գնա դրան՝ առանց գաղջի մասին մտածմունքների»։ Իսկ ի՞նչ է մտածում ԱԱԾ պետի նախկին տեղակալը Արցախի տարածքների զիջման մասին. «Ես կլինեմ ձևական հայրենասեր, եթե ասեմ, որ ոչ մի թիզ հող չպետք է տալ։ Դա առնվազն հիմարություն է»։ Դիտարկմանը, թե անձամբ Սեյրան Օհանյանն է ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում նման տեսակետ հայտնել, պարոն Եղիազարյանը նշեց, որ չի ուզում մեկնաբանել նախարարին. «Բանակցային գործընթացը ենթադրում է որոշակի բան ստանալ և որոշակի բան զիջել։ Եվ այն եթե վերսկսվի, պետք է անպայման ելք ունենա։ Արցախի ժողովուրդը պետք է որոշի այո-ն կամ ոչ-ը, տարածք տալ, թե ոչ»։