«Մշակութային պատերազմում հաղթանակն ավելի կարեւոր է». Նադեժդա Սարգսյան (տեսանյութ)
«Եվրատեսիլ 2016»-ի կիսաեզրափակիչ անցած Հայաստանի ներկայացուցիչը ծածանեց Արցախի դրոշը։ Իվետա Մուկուչյանին շվեդ լրագրողի հարցը հենց այդ մասին էր՝ ինչու՞ որոշեցիք բարձրացնել Եվրոպայի ամենաքաղաքական արտացոլանք դրոշը։ «Ուզում եմ խաղաղ լինի սահմանը, Հայաստանը խաղաղություն է ուզում, ու դրա համար էլ գրել եմ այս երգը: Ուզում եմ տարածվեն սիրո ալիքները, դրա համար էլ դրոշը բարձրացրել եմ, որովհետև ուզում եմ մարդիկ կենտրոնանան դրա վրա»,-պատասխանել է երգչուհին: Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի դրոշը պարզելու համար հայկական պատվիրակությունը հնարավոր է տուգանվի: Այդ մասին հայտնել է շվեդական Expressen կայքը։ Մրցույթի մեկնարկից մի քանի օր առաջ Եվրոպական հեռարձակողների միությունը հրապարակել էր իր, այսպես ասած, դրոշների քաղաքականությունը, որով արգելում էր մասնակիցներին եւ երկրպագուներին կրոնական, առեւտրային կամ վիճելի տարածքների դրոշները պարզել համերգների ընթացքում: Այս հաղորդագրությունը պատճառ չէ Հայաստանում՝ չքննարկելու Իվետա Մուկուչյանի բուն ելույթը, որի շնորհիվ նա անցավ «Եվրատեսիլի» եզրափակիչ փուլ: «Միշտ ասել եմ՝ իր այդ վայրենի իմիջը շատ է դուր գալիս ինձ: Շատ գոհ եմ, շատ ուրախ եմ, որովհետեւ, իրոք, լավագույն ելույթ ունեցավ»,-ասում է Երեւանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն Նադեժդա Սարգսյանը: Հայաստանը 2011 թվականին «Եվրատեսիլում» ներկայացրած երգչուհի Էմմիի մայրը կարծում է, որ հաջողված ելույթը միայն Իվետա Մուկուչյանի շնորհիվ չէր. «Այսօրվա Հանրայինի ղեկավարությունը շատ լավ էր պատրաստվել՝ թե երգը, թե երգչի ընտրությունը, թե կատարումը, թե բեքվոկալիստները: Ուժեղ բեքվոկալիստներ էին վերցրել եւ, իհարկե, հագուստը: Ինձ շատ են հարցնում՝ արդյոք կողմ եք, թե դեմ եք այդ բոդիին: Իսկ ինչի՞ դեմ լինեմ, եթե մենք պետք է ժամանակի հետ քայլենք, այսօր դա է մոդա»: Չցանկանալով խոսել Իվետայի հաղթելու հավանականության մասին՝ Նադեժդա Սարգսյանը կարեւորում է հաղթանակը հատկապես այս օրերին։ «Մշակութային պատերազմն էլ ավելի կարեւոր է: Ինչու՞... որովհետեւ, եթե դու մշակույթում էլ ես առաջ գնում, ուրեմն քո ազգը բարձր աստիճանի վրա է»: «Եվրատեսիլ-2016»-ի եզրափակիչ համերգը կկայանա մայիսի 14-ին։ Երեկվա իր ելույթից հետո Իվետա Մուկուչյանի հաղթելու շանսերը միջազգային բուքմեյքերական կազմակերպությունները գնահատում են 18 գործակից, այսինքն՝ նա 34 երկրների շարքում կզբաղեցնի 6-րդ տեղը: