«Բարոյական պատասխանատվություն ենք կրում վիրավոր զինվորների առաջ» (տեսանյութ)
ԱԺ-ում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց վարչապետին՝ քառօրյա պատերազմում վիրավորված զինծառայողների վերաբերյալ. «Մեկ տարի առաջ ընդունեցինք օրենք վիրավոր զինծառայողների՝ արտերկրում բուժումը կազմակերպելու մասին: Մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան, որ քառօրյա պատերազմում վիրավորված զինծառայողները ցանկանում են բուժում ստանալ արտերկրում, այդպիսի երեք զինծառայող ունենք: Բայց բժիշկներն ասում են՝ այստեղ էլ կարող ենք բուժել, իսկ ծնողներն էլ, թե՝ օրենք եք ընդունել, կիրառեք: Հնարավոր չէ՞ լուծում տալ այս հարցին»: Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ օրենքը պարտավոր են կիրառել. «Դեպքեր կան, երբ առողջապահության նախարարությունն ասում է, որ արտասահման տեղափոխելն արդյունք չի տա, բայց, հասկանում ենք, ծնող է, ասում է՝ գնանք, վերջին անգամ փորձենք: Ես չգիտեմ, թե դուք կոնկրետ ում նկատի ունեք, բայց ես անձնապես երկուսին օգնել եմ, ֆինանսական խնդիրները լուծել ենք: Բացի օրենքից, նաեւ բարոյական պատասխանատվություն ենք կրում այդ զինվորների առաջ: Եթե օրենքն էլ նույնիսկ հնարավորություն չտա, մենք պատրաստ ենք աջակցել նրանց»: