Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոյի ընտանիքը՝ Կարեն Դեմիրճյանի թանգարանում (տեսանյութ)

Մշակույթ
noy1

2012թ-ին  ընկուզենու փայտից պատրաստված  Նոյի ընտանիքը  ներկայացնող քանդակը հեղինակի համար առանձնահատուկ գործ է: Աշոտ  Ղազարյանն այն ստեղծել է երկուս ու կես ամսում՝ առանց որևէ էսքիզի, որպես եզակի նմուշ: «Նոյի ընտանիքն եմ պատկերել՝  Նոյն է, իր կինը և որդիները: Նրանց խաղողների մեջ եմ պատկերել, որովհետև ասում են, որ առաջին խաղողը Նոյն է տնկել: Այդ ընտանիքը խաղողների հետ կազմել է մի ընդհանուր աշխարհ, մի ամբողջություն, դա մարդկության, մեր կյանքի սկիզբն է: Խաղողն էլ Արարատյան դաշտի առաջին բույսն է»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց քանդակի հեղինակ Աշոտ Ղազարյանը: noy Նա մասնագիտությամբ ոսկերիչ է, սակայն գերադասում է  քանդակագործությունը: «Փայտը ոնց որ կենդանի նյութ է, ջերմություն ունի, էներգետիկա ունի, իսկ քարը ինձ համար ոնց որ ավելի շատ մեռած նյութ լինի»,-ասաց պարոն Ղազարյանը: Վերջինս քանդակագործությամբ սկսել է զբաղվել 1992թ-ից հետո: Քանդակների միջոցով իր բողոքն է արտահայտում որոշ հարցերի շուրջ: «Այն ժամանակ, երբ որ ծառերը կտրում էին, համատարած սպանդ էր գնում ծառերի, ես էլ նայում էի ու ափսոսում էի, ասում էի՝ չէ  որ այս փայտը վառելու համար չի, սրանցից շատ լավ գործեր կլինեն: Ծիրանենի էր, տանձենի, սոսի կամ ինչ պատահում էր, ձեռք էի բերում, գործ էի ստեղծում ու ասում՝ ահա, սա անմահացավ, սա էլ  չեն վառի ու այդ ձևով փրկում էի փայտերին»,-պատմում է Աշոտ Ղազարյանը: noy2 Նա ցավով է նկատում, որ այժմ հասարակությունը  գրեթե ուշադրություն չի դարձնում արվեստի այդ տեսակին: «Օրինակ Վերնիսաժում էլ զբոսնում ես, լավ գործեր կան: Առաջ՝ խորհրդային տարիներին,  ուրիշ դաստիարակություն էր, մարդիկ  չիգանկա էր, նկար էր կամ քանդակ, ձեռք էին բերում, առնում էին,  տանում տուն: Արվեստի հանդեպ սեր կար, ձգողություն, ձգտում կար:  Հիմա նայում եմ լավ գործեր կան, համարյա ջրի գնով էլ տալիս են , բայց էլի չեն առնում մարդիկ»,-ասաց նա: Աշոտ Ղազարյանի գործերը այս տարի առաջին անգամ  են ցուցադրվում  Կարեն Դեմիրճյանի թանգարանում, որպես նաև մշակութային այդ օջախի  աշխատակից: Թանգարանների միջազգային օրվա առիթով այստեղ ներկայացվում են իրենց աշխատակիցների ստեղծագործությունները: Կարեն Դեմիրճյանի թանգարանը գործում է արդեն 15 տարի: «Այս տարի որոշեցինք մեր 15 ամյա պատմությունը ցուցադրել, ինչպես նաև կազմակերպել մեր աշխատողների ձեռքի աշխատանքների ցուցահանդես»,-մեզ հետ զրույցում տեղեկացրեց թանգարանի տնօրեն Վահագն Մամյանը: Թանգարանում պարբերաբար կազմակերպվում են նաև թեմատիկ ցուահանդեսներ, որոնք ինչ-որ ձևով կապված են Կարեն Դեմիրճյանի գործունեության հետ: Այցելուների քանակից թանգարանի տնօրենը  չի դժգոհում, բայց թանգարանների հիմնական խնդիրներից մեկը համարում է հենց դա: Մանրամասները՝  տեսանյութում: