Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շեքսպիրը՝ Երեւանի մետրոյում (տեսանյութ)

Մշակույթ
shekspir

Երեւանի մետրոպոլիտենն այսօր վերածվել էր իսկական թատերաբեմի: Գրողի մահվան 400-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում «Երիտասարդական» եւ «Հանրապետության հրապարակ» կայարաններում Փոքր թատրոնի դերասանները ներկայացրեցին բեմադրություն, ինչպես նաեւ հնչեցին Վիլյամ Շեքսպիրի ստեղծագործություններից հատվածներ: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանն «Ա1+»-ի հետ զրույցում նշեց. «Մետրոն տարօրինակ վայր է երեւի թե ներկայացում խաղալու համար, բայց նպատակն այն է, որ մաքսիմալ մոտեցնենք  Շեքսպիրին մարդկանց, մեր առօրյային, մեր սովորական կյանքի ընթացքին եւ դրանով իսկ ցույց տանք, որ Շեքսպիրն ամենաարդի հեղինակներից մեկն է մնում, թեեւ 400 տարի է անցել նրա մահվանից»: Միջոցառումն իրականացվում է «Շեքսպիրն ապրում է» համաշխարհային նախագծի շրջանակներում՝ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ջանքերով: «Մենք ընտրել ենք մետրոպոլիտենը, քանի որ սա ամենաարտասովոր վայրերից մեկն է Երեւանի, ինչպես նաեւ այստեղ հնարավորություն կա ներգրավել սովորական ժողովրդին, որն անցնում է պարզապես եւ լավ տպավորություն ստանում»,-մեզ հետ զրույցում ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի արվեստի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը: «Շեքսպիրն ապրում է» նախագիծը Հայաստանում կունենա շարունակություն՝ ամռանը «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի, իսկ աշնանը՝ «Գրական տապանի» շրջանակում: