Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շատրվանագործի գոյության պայքարը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
shatrvan2

Համլետ Գրիգորյանի աշխատանքային օրը սկսում ու անցնում է ջրավազանում՝ ռետինե կոշիկներով, անջրանցիկ հագուստով. նա 16 տարի է՝  շատրվաններ է նորոգում: «Սա մեր ամենօրյա աշխատանքն է: Աշխատում ենք, որ կեղտեր չմնան խողովակների մեջ, որ խցանում չլինի, մաքուր լինի. շատրվանը նորմալ պետք է լինի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Համլետ Գրիգորյանը: Նա հիմնականում պատասխանատու է Հանրապետության հրապարակի ու Գարեգին Նժդեհի արձանի հարակից այգու շատրվանների համար: Ի դեպ, արձանի բացմանը նրան զգուշացրել են, որ ջանասիրաբար կատարի իր աշխատանքը: Գարեգին Նժդեհի  արձանի վերաբերյալ  իր սեփական դատողություններն ունի. «Կուզենայի, որ իր բնավորությանը համապատասխան լիներ, տիպարը՝ որպես արձան, իր ներաշխարհն արտահայտեր արձանը: Հայ ժողովրդի իդեալները, ձգտումները, որոնք համապարփակ են հայ ժողովրդի մեջ, արտահայտվեր իր դեմքի մեջ»: Համլետ Գրիգորյանը խոստովանում է՝ սիրում է իր աշխատանքը, արվեստ է տեսնում դրա մեջ, թեեւ ժամանակին այլ գործով էլ է զբաղվել՝ եղել է մեխանիկ, երաժիշտ, լուսանկարիչ. «Լավ-լավ գործեր շատ եմ արել, հիմա ստիպված եմ սա անում, քանի որ ընտանիք պահելու հարց կա: Դա մեր ամբողջ ազգի ճակատագիրն է՝ պիտի աշխատենք, որ գոյատեւենք: Սա գոյության պայքար է, սա ինչ-որ հարստանալու միջոց չէ: Դե, մենք էլ աշխատում ենք, որ ապրենք, չմեռնենք»: Արդյոք դժվար չէ՞ մշտապես գտնվել ջրում: Նրա վստահեցմամբ՝ հոդացավերը դեռ չեն անհանգստացնում. «Չէ, մեր վրով դա արդեն անցել է. այս տարիքում էլ ի՞նչ զգամ՝ 67 տարեկան եմ»: Երեւանում այսօր գործում է  30-ից ավելի շատրվան ու ջրային կառույց, իսկ առաջին շատրվանը կառուցվել է 1938թ. Շահումյանի   արձանի ետնամասում: