Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղցրաշենի և Գեղարդալճի ծրագիրը՝ նաև ի հաշիվ բնության (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
jur1

Գեղարդալճի և Ազատ գետի ջրերով 10-յակ համայնքների հողեր ոռոգելու համար կառուցվող ինքնահոս համակարգերը չեն վտանգում Գառնի և Գողթ համայնքների ջրային պաշարները՝ պնդում է Ջրային տնտեսության ԾԻԳ-ի բնապահպանության մասնագետ  Մարտիրոս Նալբանդյանը. «Երկու տարբեր նախագծային ինստիտուտներ են աշխատել՝ հիմնվելով Հայպետհիդրոմետի 60 տարվա տվյալների վրա, և տվյալները ցույց են տվել, որ այդ ավազանում կա բավարար ջրաքանակ՝ նախանշած ծրագրերն իրականացնելու համար»։ Ըստ նրա՝ Գեղարդալճից ջուր վերցնելու դեպքում Գողթ համայնքին հասանելիք ջրաքանակը որևէ կերպ չի պակասելու։ «Ընդամենը պատվարի բարձրացմամբ հնարավորություն է ստեղծվում լրացուցիչ ջրաքանակ կուտակել և այն ուղղորդել նույն Գողթի հարևան համայնքներին»։ Ջրային տնտեսության բնապահպանության մասնագետը պնդում է՝ Քաղցրաշենի ծրագրի իրականացման դեպքում գառնեցիները ջրի պակաս չեն ունենալու։ Ճիշտ է, ջրաչափումները ցույց են տվել, որ օգոստոս ամիսը ջրասակավ կլինի, սակայն այդ պակասը լրացնելու համար մասնակի հզորությամբ կգործի Քաղցրաշենի պոմպակայանը։ Գառնեցիներին անհրաժեշտ ջրի պաշարի մասին վկայող այլ հանգամանքներ էլ կան։ «Գառնի համայնքի գլխամասը ավելի բարձրադիր հատվածում է, Գառնի համայնքը ավանդական ջրօգտագործող է և  ավելի վաղ է ունեցել ջրօգտագործման իրավունք և  ի վերջո, որ հաշվարկները կատարվել են իրենցից ներքև եղած տարածքում»,- նշում է պարոն Նալբանդյանը։ Մարտիրոս Նալբանդյանը վստահեցնում է՝ ինքնահոս համակարգերի կառուցման ժամանակ չեն վնասվելու էնդեմիկ բուսատեսակներ՝ դրանց բացակայության պատճառով։ Բայց նա խոստովանում է՝ հնարավոր չի լինի ընդհանրապես խուսափել բնությունը վնասելուց։ «Չի կարող որևէ տեղ իրականացվել տնտեսական գործունեություն՝ ոչ ի հաշիվ բնության, բայց պետք է իրականացվի ռիսկերի և ազդեցության գնահատում։ Ոչ էնդեմիկ տեսակներից հիմնականում այնտեղ մասրենիներ և ուռենիներ են, շինարարի առջև դրված է պարտավորություն, որ դրանք քիչ քանակությամբ են հատվելու, որոնց ուղղակի այլընտրանքային տարբերակ չկա։ Շինարարը պարտավորվել է յուրաքանչյուր հատվող ծառի փոխարեն տնկել 3-5-ը»։ Ըստ մասնագետի՝ Քաղցրաշենի և Գեղարդալճի  ծրագրերն ունեն նաև տնտեսական բավարար հիմնավորումներ։ «Ծրագրերից յուրաքանչյուրով տարեկան տնտեսվելու է պետբյուջեից շուրջ 1 մլն դոլար գումար, որը այս պահին ծախսվում է պոմպակայանների ծախսած հոսանքի, տարեկան շահագործման համար»։ Նա ընդամենը շատ գեղեցիկ ձևակերպումներ է համարում պոմպակայաններն աշխատացնելու համար արևային էներգետիկայի զարգացման մասին խոսակցությունները։ Ըստ նրա՝ որևէ մեկը չի հիմնավորում, որ արևային էներգիայով ավելի ձեռնտու կլինի շահագործել պոմպակայանները։