Հազարամյակների խորքից՝ Երևան․ բացվել է Մեծամորի ոսկու բացառիկ ցուցադրությունը
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանում բացվել է «Մեծամոր. ոսկի, արվեստ և առեղծված» ժամանակավոր ցուցադրությունը։ Գրականության և արվեստի թանգարանում ներկայացվում են Մեծամոր հնավայրի պեղումներից հայտնաբերված ոսկե զարդերն ու պերճանքի առարկաները, որոնք առաջին անգամ են այս ծավալով ցուցադրվում մայրաքաղաքում։
Ցուցադրության շրջանակում կներկայացվի Հայկական լեռնաշխարհի ամենահին ոսկե զարդը, ինչպես նաև ոսկե և այլ պերճանքի առարկաներ, որոնք ունեն ավելի քան 5000 տարվա պատմություն։
Ցուցադրությունը նոր լույսի ներքո է բացահայտում Մեծամորից 1960-ականներից մինչև 2020-ականներ կատարված պեղումների ընթացքում հայտնաբերված հնագիտական եզակի առարկաների ընտրանին՝ շեշտադրելով դրանց գեղարվեստական արժեքն ու բացառիկությունը։
Ներկայացված նյութերը վերաբերում են մ.թ.ա. IV հազարամյակից մինչև մ.թ.ա. III դարն ընկած ժամանակահատվածին։
Ցուցահանդեսը նաև ընդգծում է Մեծամորի՝ որպես տարածաշրջանի կարևորագույն հնագիտական կենտրոններից մեկի դերը, որտեղ հայտնաբերված նյութերը վկայում են ոչ միայն զարգացած արհեստագործության, այլև վաղ շրջանի մշակութային ու տեխնոլոգիական առաջընթացի մասին։
Ցուցահանդեսի կազմակերպիչ-համադրող Արտավազդ Զաքյանը նշել է, որ ցուցադրությունն առանձնանում է ոչ միայն ներկայացված առարկաների մեծ քանակով, այլև բարձր որակով։ Նրա խոսքով՝ «ՀՀ-ի սրտում» ցուցադրված են եզակի նմուշներ, քանի որ Մեծամորը պարզապես հնագիտական վայր չէ։
««Մեծամոր. ոսկի, արվեստ և առեղծված» ցուցադրության յուրաքանչյուր հատված առանձին գաղափար է, որը պետք է բացահայտել»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ նախաձեռնության նպատակն է Մեծամորը ներկայացնել նոր ձևաչափով և թանգարանի սահմաններից դուրս ցուցադրել այս շքեղ հավաքածուն։
Թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը նշել է, որ ցուցադրությունը հնարավորություն է «քայլել պատմության շերտերով»։ Նրա խոսքով՝ Մեծամորից աննախադեպ քանակով Երևան բերված և ցուցադրվող հնագիտական առարկաները խոսուն, բայց, միաժամանակ, անխոս վկաներն են հայկական հազարամյակների պատմության և ստեղծարար ներուժի։ Խոջամիրյանը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր այն մասնագետներին և գործընկեր կառույցներին, որոնք օրուգիշեր աշխատել են նախաձեռնության իրականացման համար՝ առանձնացնելով պատմամշակութային հուշարձանների պահպանության ՊՈԱԿ-ը, Մեծամոր արգելոց-թանգարանը և ԿԳՄՍ նախարարությունը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն, իր հերթին, կարևորել է նման նախաձեռնությունների իրականացումը մայրաքաղաքում՝ նշելով, որ կարևոր է այս արժեքները դարձնել տեսանելի և հասանելի հանրության համար։
«Հիմա ժամանակն է տեղեկացնել և իրազեկել, որպեսզի մարդիկ գան և անպայման դիտեն այս ցուցադրությունը»,- ընդգծել է նախարարը։
Ցուցահանդեսը հիմնականում ներկայացնում է միջին և ուշ բրոնզեդարյան, ինչպես նաև երկաթեդարյան հնագիտական առարկաներ։ Բացառություն է կազմում միայն մեկ նմուշ՝ փոքրիկ ոսկե հերազարդը, որը համարվում է Հայաստանի տարածքում հայտնաբերված երբևէ ամենահին ոսկե զարդը։
Նշենք, որ Մեծամորի պատմագիտական արգելոց-թանգարանի ոսկու հավաքածուն ձևավորվել է բրոնզե և երկաթե դարերի դամբարանային համալիրներից հայտնաբերված նյութերի հիման վրա։ Կատարված փորձաքննությունները ցույց են տվել, որ ոսկե առարկաների հարգը տատանվում է 5000-ից մինչև 9500-ի սահմաններում։ Երևանում ցուցահանդեսը կգործի մեկ ամիս։