Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

  Անձը երեք տարի է` կալանքի տակ է (տեսանյութ)

Հասարակություն
dataran

Տարբեր հանցագործությունների կատարման մեջ  մեղադրվող Արմեն Ղազարյանը երեք տարի է կալանավորված է։ Նա չի ընդունում առաջադրված երեք մեղադրանքներից որեւէ մեկը։ Բայց սա չէ պատճառը, որ դատավարությունն այդպես էլ չի ավարտվում։  Այսօր հերթական անգամ հետաձգվեց դատական նիստը, քանի որ հնարավոր չի եղել դատակոչել ՌԴ-ում գտնվող  վկաներին եւ տուժողներին։     Նրանց կրկին ծանուցում ուղարկելու համար դատավոր Գագիկ Պողոսյանը նիստը հետաձգեց՝ բավարարելով  դատախազի  միջնորդությունը:  «Եթե ես նշում եմ, որ նա երեք տարի ապօրինի կալանքի տակ է գտնվում, ապա դատավորը չպետք է բավարարեր դատախազի միջնորդությունը եւս մեկ ծանուցում ուղարկեր:  Դա արդեն անմարդկային վերաբերմունք է իմ պաշտպանյալի նկատմամբ եւ թե ողջամիտ ժամկետի խախտում է»,- ասաց պաշտպան Հայարփի Սարգսյանը: Հանցագործության դեպքը  տեղի է ունեցել 2000 թ-ին  Դոնի Ռոստովում,  9 տարի անց Ռուսաստանում  գործը կարճվել էր: Իսկ Հայաստանում գործը բացվել է  2011 թ-ին։ «Դատախազությունը պետք է հրաժարվեր մեղադրանքից, ինչը չի անում»,- ավելացնում է պաշտպանը: Արմեն Ղազարյանը մեղադրվում է առեւանգման,  ավազակային հարձակման, դիտավորությամբ անձի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ, որի հետեւանքով առաջացել է մահ։ Այսօր Հայարփի Սարգսյանը  միջնորդեց վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը: Միջնորդության վերաբերյալ  իր դիրքորոշումը դատախազը  կհայտնի հուլիսի 12-ին: