Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄՐՑԵԼՈՒՅԹԸ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ

Սպորտ

Շախմատի Հայաստանի հավաքականը Թուրինում ընթացող համաշխարհային օլիմպիադայի 4-րդ տուրում անցկացրեց ընթացիկ խաղարկությունում իր ամենահաջող մրցելույթը` խոշոր 4:0 հաշվով հաղթելով Նորվեգիայի ընտրանուն:

Մեր թիմի կազմում հաղթանակներ տոնեցին Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Սմբատ Լպուտյանը եւ Գաբրիել Սարգսյանը: Այս հաղթանակից հետո Հայաստանը 13.5 միավորով հավասարվեց մրցաշարային աղյուսակը գլխավորող Ռուսաստանին: Լրացուցիչ ցուցանիշներով առայժմ Հայաստանը գտնվում է 2-րդ տեղում:

Ի դեպ, 5-րդ տուրում հայ շախմատիստները կմրցեն հենց Ռուսաստանի հետ: Սա օլիմպիադայի կենտրոնական հանդիպումը կլինի, որտեղ հաղթողը չեմպիոն դառնալու լուրջ հայտ կներկայացնի, չնայած օլիմպիադայի ավարտին բավական ժամանակ կա: Նշենք նաեւ, որ անցկացված 4 տուրերում նույնքան հաղթանակ են տոնել միայն Հայաստանի, Ռուսաստանի եւ Հոլանդիայի հավաքականները:

Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ տուրում նույնպես հաղթանակ տոնեց՝ 2:1 հաշվով հաղթելով Էկվադորին: Մեր թիմի համար հաղթական միավորը վաստակեց միջազգային վարպետ Սիրանուշ Անդրեասյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանը եւ Էլինա Դանիելյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի: Հայաստանի թիմն առայժմ ընթանում է 11-րդ տեղում եւ հաջորդ տուրում մրցելու է Հունաստանի հետ: