Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սա որակում ենք որպես ճնշում օրաթերթի դեմ». «Ժողովուրդ»-ի խմբագիր (տեսանյութ)

Հասարակություն
Joxovurdi-xmbagir-nkar

«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը քիչ առաջ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում մանրամասնեց, թե ինչու էին ցանկանում իրենց խմբագրության լրագրողին բերման ենթարկել։ «Ամեն ինչ սկսվեց հունիսի 11-ի հրապարակումից, որտեղ նշել էինք Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անվտանգության պետի` Սերգեյ Հայրապետովի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկություններ։ Մենք օգտվել էինք բացառապես բաց աղբյուրներից, խոսել փաստաբանների հետ»,-նշեց նա։ Հիշեցնենք, որ հունիսի 14-ին «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանը ծանուցագիր էր ստացել, որտեղ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունից առաջարկվել է վերջինիս հունիսի 15-ին ներկայանալ ՀԿԳ ավագ քննիչ Գ. Խաչիկյանի մոտ։ Օրաթերթի գլխավոր խմբագիրը պատասխան գրություն է ուղարկել, մասնավորապես, նշելով. «Մեր օրաթերթի լրագրողը, ցավոք, չի կարող ընդունել ձեր առաջարկը և ներկայանալ ՀՀ ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ քննչական գործողության մասնակցելու»։ Joxovurd 2 Թագուհի Թովմասյանն ասուլիսին շեշտեց, որ լրագրողը, կարգավիճակ չունենալով՝ չի կարող բերման ենթարկվել։ Հիշեցնենք, որ առավոտյան Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով այս միջադեպին, նշել է. «armlur.am կայքի կողմից տարածվում են կեղծ տեղեկություններ այն մասին, որ ՀՀ ՌՈ աշխատակիցները բերման են ենթարկում իրենց աշխատակցին: Տեղեկացնենք, որ ՀՀ ՌՈ-ը նման գործառույթ իրականացնել չի կարող: Խոսքը գնում է ՀՀ քննչական կոմիտեի քննիչի օրենքով նախատեսված ծանուցագրի պահանջները չկատարելու մասին»։ «Ռազմական ոստիկանության աշխատակիցներն իրավունք չունեն քաղաքացուն բերման ենթարկելու։ Արծրուն Հովհաննիսյանը քծնում է իր նախարարին և անհարմար իրավիճակում հայտնվում»,-շեշտեց «Ժողովուրդ»-ի գլխավոր խմբագիրը։ Joxovurd 1 Մենք կապ հաստատեցինք ՊՆ մամուլի քարտուղարի հետ։ Հարցին՝ ի՞նչ կարող եք պատասխանել Թագուհի Թովմասյանի այս խոսքերին, հեռախոսազրույցի ընթացքում Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Ոչինչ։ Ամեն մարդ խոսում է այնպես, ինչպես մտածում է և ինչպես ապրում է»։ Հիշեցնենք, որ թեև առավոտյան ՌՈ աշխատակիցները լրագրող Քնար Մանուկյանի բնակարանում են եղել, սակայն նրան բերման չեն ենթարկել. «Սա որակում ենք որպես ճնշում օրաթերթի դեմ, որպեսզի Քնար Մանուկյանն այլևս ռազմական թեմաներով հոդվածներ չհրապարակի։ Բայց դա մեզ չի վախեցնելու, չի կաշկանդելու»,-ընդգծեց Թագուհի Թովմասյանը։