«Պրեսս Ստենդ»-ի աշխատակիցն ու ղեկավարությունը հաշտվել են
«Պրեսս Ստենդ»-ի աշխատակից Ռուզաննա Քոչարյանն ու ընկերության ղեկավարությունը հաշտվել են։ Այս մասին «Ա1+»-ին փոխանցեց թերթերի, ամսագրերի վաճառքով զբաղվող ընկերության կրպակավար Ռուզաննա Քոչարյանը։ «Նախորդ հրապարակումներից հետո ընկերության տնօրեն Գուրգեն Սարուխանյանն ինձ իր մոտ հրավիրեց, լսեց իմ բարձրաձայնած խնդիրները, ասաց, որ դրանք կհարթվեն, հարցերը կուսումնասիրվեն օրենքով սահմանված կարգով»,- պատմեց նա։ Տիկին Ռուզաննան ասաց նաև, որ ԱԺ պատգամավոր Արման Սահակյանին պահանջներ ներկայացնելիս ինքը տեղյակ չի եղել, որ վերջինս չի զբաղվում ընկերության ղեկավարմամբ. «Իմ դիմումները սխալ են եղել, դրանք պետք է հասցեագրված լինեին Գուրգեն Սարուխանյանին»,- հավելեց նա։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուզաննա Քոչարյանը «Ա1+»-ի հետ զրույցում բողոք էր արտահայտել «Պրեսս Ստենդ» ընկերության գույքագրման բաժնից։ 67-ամյա կինը պատմել էր, որ 2015-ի մարտի 21-ին ընկերությունում ընդունվել է աշխատանքի որպես կրպակավար, ու հենց առաջին օրն էլ գույքագրման ժամանակ պակասորդ է գրանցվել նրա անունով։ Տիկնոջ պատմելով՝ իրենից առաջ աշխատած աշխատակցի պարտքը փոխանցվել էր իրեն։ Բացի Ռուզաննա Քոչարյանը «Պրեսս Ստենդ»-ից դժգոհություններ էին արտահայտել ընկերության նախկին աշխատակիցներ ևս։