Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կալանավորը չի կարողանում գալ դատարան (տեսանյութ)

Հասարակություն
sus

Դատարանն այսօր չփոխեց ինքնուրույն քայլել եւ  սնվել չկարողացող կալանավոր  Աշոտ Սարգսյանի խափանման միջոցը՝  կալանքը:  Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Արազյանը մերժեց պաշտպանի միջնորդությունը։ «Այսօր դեռ աստծո կամոք, ընտանիքի անդամների կողմից ամենօրյա բժշկական միջամտության, դեղահաբերի , թթվածին մատակարարելու ամբողջ ծախսերը դրված է ընտանիքի անդամների վրա»,- դատարանում այսօր հայտարարեց պաշտպան Արթուր Սարգսյանը: Առողջապահության նախարարության միջգերատեսչական փորձագիտական հանձնաժողովի  եզրակացության համաձայն Աշոտ Սարգսյանը իր բուժումը պետք է ստանա նեղ մասնագիտացված բուժհաստատություններում, չի կարող մասնակցել դատական նիստերին,  ինչպես նաեւ ճանաչվել է  1-ին կարգի անժամկետ հաշմանդամ:  Գործով մեղադրողը  եւս տեղյակ էր  նրա առողջական վիճակից, նույնիսկ առողջություն մաղթեց Աշոտ Սարգսյանին,  բայց առարկեց միջնորդության դեմ: Իսկ 51- ամյա Աշոտ  Սարգսյանը մեղադրվում է ԶՈՒ օպերատիվ կառավարման և իրավիճակների վերահսկման կենտրոնի տեսակոնֆերանս համակարգի ստեղծման համար Պաշտպանության նախարարությունից   առանձնապես խոշոր չափերի գումար  հափշտակելու մեջ:  Նա չի ընդունում մեղադրանքը։ Պաշտպանը համոզված է, որ գործի հետ կապ ունի Քննչական կոմիտեի ղեկավար կազմը  եւ   միայն բարձրագույն իշխանության ցուցումով փոփոխություն կլինի այս գործում: Դատարանի՝ խափանման միջոցը չփոխելու  որոշումը կբողոքարկվի Վերաքննիչ դատարանում, իսկ գործով դատական նիստը կշարունակվի հուլիսի 8-ին՝ կրկին  առանց Աշոտ Սարգսյանի: Գործն արդեն 8 ամիս է դատարանում է, սակայն նիստերը, որպես այդպիսին ՝չեն կայանում: