Բարձրագույն կրթություն ստանալու ձգտումը մարում է (տեսանյութ)
21-ամյա Գեւորգ Հակոբյանը սովորում է ՀՊՄՀ քիմիայի բաժնում եւ մասնագիտության ընտրության հարցում նրան ուղղորդել են ծնողները. «Դե, հիմնականում մասնագետի պակասի պատճառով ընդունվեցի, որ գործ լինի: Սկզբում կաշխատեմ դպրոցում, հետո տեսնենք՝ քիմկոմբինատում ինչ-որ մի տեղ բացվի, գնամ այնտեղ»: Ֆիզիկա, քիմիա, բնագիտություն առարկաների գծով այս տարի գրեթե բոլոր բուհերում թափուր տեղերը շատ են: Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՊՄՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արտաշես Մարտիրոսյանը, աշխատաշուկայի թելադրանքն է դա. դիմորդները տվյալ ժամանակաշրջանում կողմնորոշվում են՝ որ մասնագիտությունն ընտրեն, որ աշխատանք գտնեն»: Մյուս մասնագիտությունների գծով պատկերը պարոն Մարտիրոսյանին բավարարում է։ Մրցութային իրավիճակ է կենսաբանություն, աշխարհագրություն, հ.լ.գ, սոցիոլոգիա, հոգեբանություն, տարրական մանկավարժություն եւ մեթոդիկա, նախադպրոցական կրթություն եւ մեթոդիկա, սոցիալական մանկավարժություն, լոգոպեդիա, ռեժիսուրա, պարարվեստ, գործիքային կատարողականություն եւ հագուստի մոդելավորում մասնագիտությունների դեպքում: Ըստ Արտաշես Մարտիրոսյանի՝ նախորդ տարվա համեմատ բուհի դիմորդների թիվը 5 տոկոսով աճել է. «Այսօրվա սոցիալական վիճակից ելնելով՝ մենք արդեն 5 տարի է՝ ուսման վարձերը չենք բարձրացրել: 2-րդ նպաստող գործոնը, որ կարող եմ ասել, գրագետ կառավարումն է՝ համալսարանի մենեջմենթը»: Արտաշես Մարտիրոսյանն ափսոսում է, որ տարեցտարի բարձրագույն կրթություն ստանալու ձգտումը մարում է. «Եթե համեմատենք 5-10 տարի առաջվա հետ, այդ խանդավառությունը նվազում է. էլի կան լավ երեխաներ, պարզապես այդ խանդավառությունը միշտ պետք է մնա իր բարձրության վրա. երբեք չի կարող բուհը տվյալ երկրի տնտեսությունից անջատ լինել»: Այս տարի հանրապետության պետական բուհեր դիմել 10 499 շրջանավարտ, իսկ 10 տարի առաջ՝ մոտ 3000-ով ավելի էր: