Ազգային արխիվի տնօրենը կդիմի Հռոմի պապին (տեսանյութ)
«Վատիկանի գաղտնի արխիվն աշխարհի ամենամեծ արխիվն է: Եթե դրա բոլոր փաստաթղթերը իրար կողք շարենք, ապա դրանց երկարությունը կհասնի 85 կիլոմետրի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը՝ նշելով, որ արխիվում բազմաթիվ հիշատակումներ կան Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Այս առումով նա կարեւորեց Հռոմի պապի այցը Հայաստան: Ազգային արխիվի տնօրենը մտածում է դիմել Պապին, որպեսզի այդ փաստաթղթերն ուսումնասիրվեն. «Վատիկանի գաղտնի արխիվի գլխին Պապն է կանգնած, եւ նա ամեն դիմողի չի աջակցում, բայց ես կփորձեմ բարձրացնել այդ հարցը: Միայն նրա թույլտվությամբ են փաստաթղթերը դրվում շրջանառության մեջ»,-ասաց նա՝ հույս հայտնելով, որ Պապից մերժում չեն ստանա: Պարոն Վիրաբյանը նշեց, որ որոշ փաստաթղթեր արդեն բաց են մեզ համար, ունենք դրանց պատճենները. «Խնդիրը նրանում է, որ դրանք հիմնականում կամ լատիներեն են կամ ֆրանսերեն: Եթե ֆրանսերենն այդքան էլ բարդ չէ, ապա լատիներենը խնդիր է մեզ համար: Փորձում ենք օգտագործել Սփյուռքի մեր ուժերը եւ իրականացնել դրանց թարգմանությունը»: Ամատունի Վիրաբյանն անդրադարձավ նաեւ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումից հետո ռուսական կողմի արձագանքներին եւ որակումներին՝ նշելով. «Այն, որ Նժդեհը եղել է Բեռլինում, սա փաստ է, այն, որ նա հարաբերվել է գերմանական իշխանությունների հետ, սա եւս փաստ է: Բնականաբար, ռուսական կողմը դա դիտում է որպես համագործակցություն ֆաշիզմի հետ: Բայց Նժդեհը գնաց Գերմանիա, քանի որ 1930-ական թվականներին հայերն այնտեղ համարվում էին սեմիտական ժողովուրդ եւ կարող էին արժանանալ հրեաների նույն բախտին: Նժդեհը կանխեց դա»,-ասաց Ազգային արխիվի տնօրենը՝ հավելելով, որ այս ամենը ռուսներին դժվար է բացատրելը: