Մանկատան սանին գործատուն չի վստահում. «Կգա մի բան կփչացնի, կգողանա» (տեսանյութ)
Մանկատների սաները ստանում են համապատասխան կրթություն ու մասնագիտացում՝ վստահ է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության, երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը: Իսկ հետագայում դժվարությամբ աշխատանք գտնելու պատճառը, ըստ նրա, գործատուներն են. ««Մանկատան միջավայրում մեծացած երեխան քիչ ավելի պատրաստ է աշխատանքում և հասարակության մեջ ինտեգրվելու, բայց այս երեխաների շրջանում գործազրկության բարձր տոկոսը կապված է աշխատատեղերի բացակայության հետ, ինչը համատարած խնդիր է»: «Սոս մանկական գյուղեր» Հայաստան ազգային ծրագրերի զարգացման տնօրեն Գրիգորի Հովհաննիսյանի կարծիքով, այս խնդիրը չի վերաբերում միայն Հայաստանին. «Մեր կազմակերպությունը գործում է աշխարհի 130 երկրում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալական այդ խմբերի երեխաների նկատմամբ վերաբերմունքը տարբերվում է: Մի երկրում մի քիչ շատ, մեկում՝ քիչ, բայց խնդիրն առկա է: Այստեղ աշխատանք ունի իրականացնելու ոչ միայն պետությունը, այլև հասարակությունն ու հասարակական կազմակերպությունները: Երբ մանկատան երեխան Հայաստանում դիմում է աշխատանքի ընդունվելու համար, գործատուների մի զգալի մաս մտածում է՝ գա մի բան կփչացնի, կգողանա»: Պարոն Հովհաննիսյանը նշեց եվրոպական որոշ երկրների փորձը, երբ պետությունը պարտադրում է խոշոր գործատուներին սահմանել քվոտաներ մանկատան երեխաների համար աշխատատեղերի որոշակի քանակ ապահովելու համար: