Բաղրամյանի պայքարից 1 տարի անց. ինչ ունենք այսօր (տեսանյութ)
Մեկ տարի առաջ՝ հունիսի 23-ի առավոտյան, Երևանն արթնացավ ոստիկանական բռնությունների մասին լուրերից։ Ոստիկանությունը ուժ կիրառեց էլեկտրաէներգիան 7 դրամով թանկացնելու որոշումից դժգոհ քաղաքացիների նկատմամբ։
Ոստիկանական գործողությունների արդյունքում վնասվածքներ ստացան ոչ միայն սովորական քաղաքացիները։ Խոչընդոտվեց նաեւ լրագրողների աշխատանքը։
Բաղրամյան պողոտան բռնությամբ մաքրելու ոստիկանության պլանը տվեց հակառակ արդյունքը։ Նույն օրը երեկոյան Բաղրամյանում արդեն հազարավոր քաղաքացիներ էին հավաքվել ՝ արդեն ոչ միայն էլեկտրաէներգիան չթանկացնելու, այլ նաև բռնությունների հեղինակներին պատժելու պահանջով։
Հունիսի 23-ի բռնությունների կրկնությունը թույլ չտալու համար ցուցարարների ու ոստիկանության միջև քաղաքական գործիչների ու մտավորականների պատ կազմվեց։ Որոշ գործիչների ցուցարարները ոչ հյուրընկալ ընդունեցին։
Բաղրամյան պողոտան դարձավ երևանցիների երեկոյան զբոսանքի սիրված վայրերից մեկը։ Հերթապահության երեկոներն ուղեկցվում էին երաժշտական կատարումներով։
Էլեկտրիկ Երևանի համար վճռորոշ էր Սերժ Սարգսյանի հունիսի 27-ի հայտարարությունը՝ աուդիտ անցկացնելու մասով՝ սակագնի բարձրացման հիմնավորված լինելը պարզելու համար։
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամների մի մասը հայտարարեցին աուդիտ անցկացնելու մասին Սերժ Սարգսյանի որոշումով բավարարված լինելու և բողոքի ակցիան Օպերայի տարածք տեղափոխելու մասին։
Նրանց հետ Ազատության հրապարակ չգնացած քաղաքացիները Բաղրամյանում մնացին ևս մեկ շաբաթ, իսկ հետզհետե շարժման մասնակիցների թիվը նվազեց, ոստիկանությունն էլ վերականգնեց պողոտայի երթևեկությունը։
Բաղրամյանցիների պահանջը՝ չեղարկել էլեկտրաէներգիան թանկացնելու ՀԾԿՀ որոշումը, այդպես էլ մնաց անկատար։ Հոսանքի ցերեկային սակագին գինը մնաց 49 դրամ, իսկ գիշերայինը՝ 42։
Էլեկտրիկ Երևանի պայքարը, սակայն, անհետևանք չմնաց Հայկական էլեկտրական ցանցեր ընկերության համար։ Փոխվեց սեփականատերը, այն ձեռք բերեց Տաշիր Գրուպ ընկերությունը։
Ի դեպ, այս օրերին կրկին քննարկվում է էլեկտրաէներգիան էժանացնելու հարցը։ Հոսանքի սակագնի 4 դրամով նվազեցումը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կքննարկվի հունիսի 24-ին։
Սակայն, չի բացառվում, որ սուբսիդավորումից օգտվող խավի համար էժանացում չլինի, քանի որ դեռ պարզ չէ՝ նոր որոշումից հետո այդ արտոնությունը կմնա՞, թե՞ ոչ: