Թղթի վրա և իրականում. Ինչու չեն փակվում մանկատները (տեսանյութ)
Երեխան պետք է մեծանա ընտանիքում, եթե անգամ նա չունի ծնողներ ու խնամակալ։ «Ա1+»-ի «Թղթի վրա և իրականում» հաղորդաշարի ժամանակ կարծիք է արտահայտում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի, կանանց և երեխաների վարչության գլխավոր մասնագետ Լուիզա Ղարիբյանը։ Մանկատանն ապրող երեխաներին ընտանիքներ վերադարձնելը նաև այսօրվա պետական քաղաքականությունն է.
«Եթե ընտանիքը բավարարում է երեխային խնամելու չափանիշները և կապահովի համապատասխան պայմանները, նրան այդ հնարավորությունը պետք է տրվի»։ Մանկատան երեխաներին խնամատար ընտանիքներում տեղավորելու հարցը կարևոր է հենց երեխաների ապագայի առումով, վստահ է UNICEF-ի Երեխաների պաշտպանության ծրագրերի համակարգող Արտակ Շաքարյանը։
Նա «Ա1+»-ի «Մանկատան այլընտրանքը» ֆիլմի հերոսների օրինակով է իր տեսակետը հիմնավորում. «Եթե մենք համեմատենք խնամատար ընտանիքում ապրող Հայկուշին և «Զատիկ» խնամքի կենտրոն հաճախող Գայանեին, ապա Հայկուշը միանշանակ պատրաստված է կյանքի համար»։ Իսկ արդյո՞ք անարդար չէ, երբ միայնակ մայրը սոցիալական պատճառով երեխային բերում է մանկատուն, իսկ մեկ այլ ընտանիք պետությունից գումար է ստանում՝ այդ երեխային խնամելու համար։ Լուիզա Ղարիբյանը համաձայն է այս տեսակետի հետ. «Եթե նայենք մոր տեսանկյունից, դա կարծես բարոյական քայլ չի։ Ամեն երեխա չէ, որ կարելի է տալ խնամատարության։ Եթե խնդիրը ոչ սոցիալական է, այդ դեպքում երեխային պետք է խնամատար ընտանիքի տալ։ Եթե երեխան ունի ծնողներ, պետք է աշխատենք երեխային վերադարձնել ընտանիք»։ Ըստ նախարարության ներկայացուցչի՝ դժվար լուծում է պահանջում առողջական խնդիրներ ունեցող երեխաների հարցը. ոչ մի ընտանիք չի համաձայնվում նման երեխաներին որդեգրել կամ ընդունել սեփական հարկի տակ։
«Հստակ պատճառը հայտնի չէ, այդպիսի ուսումնասիրություն չենք արել, բայց բազմիցս հայտարարություն արել ենք, խնամատար ընտանիքների հետ խոսել ենք, հրաժարվում են։ Դա նաև ծախսատար է»,- ասում է Լուիզա Ղարիբյանը։ «Թղթի վրա և իրականում» հաղորդաշարի այս քննարկման մանրամասները՝ տեսանյութում։ Հ. Գ. Դուք նաեւ կարող եք մասնակցել մեր հարցմանը՝ առաջարկելով մանկատան՝ Ձեր այընտրանքը։