«Մշակութային աստղագիտությունը Հայկական լեռնաշխարհում» (տեսանյութ)
«Ինչ է աստղագիտությունը` գիտությո՞ւն, թե՞ արվեստ: Մարդ էակի դարավոր երազանքն է տեսնել ու հասկանալ անտեսանելին, մեկնաբանել երկնային երևույթները»,- վստահ է «Երևանյան հեռանկարներ» փառատոնի նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը: «Բյուրականը մի վայր է, որտեղ ժամանակին մեր մեծերն էին ապրում ու աշխատում՝ Վիկտոր Համբարձումյան, Ալիխանյան եղբայրներ, Պարիս Հերունի: Նկարիչների տունն էր այստեղ, Սարյանի նկարների մեծ մասն այստեղ է նկարվել, Խրիմյան հայրիկի տունն է, և ամենակարևորը՝ մեր Կոմիտասը իր աշխատանքների մեծ մասը կատարել է Բյուրականում»։ Բյուրական արվեստի ակադեմիան հյուրընկալել էր «Մշակութային աստղագիտությունը Հայկական լեռնաշխարհում» գիտաժողովի մասնակիցներին: Աստղագետները, հնագետները, բանասերներն ու արվեստագետները երեք օր համատեղ քննարկում էին Հայաստանում մշակութային աստղագիտության հիմնահարցերը և փորձում հիմք նախապատրաստել հետագա հնարավոր համագործակցությունների համար: «Մշակույթի մեջ աստղագիտության արտացոլումը վաղուց ի վեր արդեն առանձնացվել է որպես գիտության ինքնուրույն ոլորտ»,- ասում է գիտաժողովի նախագահ Արեգ Միքայելյանը: «Այսօր աշխարհում լուրջ ուշադրություն է դարձվում այս բնագավառին, կան ֆինանսավորող միջազգային կազմակերպություններ, անցկացվում են գիտաժողովներ, տպագրվում են ամսագրեր: Հայաստանը հարուստ է մշակութային աստղագիտությամբ`Ուղտասարի կամ Իշխանասարի ժայռապատկերներում պատկերված երկիրը, արևը, լուսինը, աստղերն ու համաստեղությունները, հնագույն օրացույցներն ու աստղադիտարանները`մասնավորապես մ.թ.ա. 5-րդ հազարամյակով թվագրվող հնավայր Մեծամորի աստղադիտական հարդակները, որն ի հայտ եկավ աստղաֆիզիկոս Էլմա Պարսամյանի ուսումնասիրության արդյունքում, Անանիա Շիրակացու գիտական ժառանգությունը: Սակայն կան միայն առանձին ուսումնասիրություններ, բայց չկան այս կարևոր ոլորտը կառավարելուն ուղղված համակարգված գործողություններ և գիտաժողովն այս ուղղությամբ արված առաջին քայլն էր»: