Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լարսը փակ կմնա ևս 10 օր

Հասարակություն
verin-lars-1-1

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է Հորդառատ անձրևներից առաջացած սողանքավտանգ իրավիճակի և Թերեք գետի վարարման պատճառով հունիսի 23-ից  փակվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը։ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացրել են, որ ստեղծվել է օպերատիվ խումբ, որը տեղում ուսումնասիրելով   իրավիճակը   հայտնել է, որ  ճանապարհի վերականգնողական աշխատանքները կտևեն ավելի քան 10 օր: Նշենք, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը մշտապես կապի մեջ է բոլոր փոխադրող ընկերությունների հետ, նախարարության կողմից նրանց առաջարկվել է օգնություն, օժանդակություն, նաև՝ փոխադրումը լաստանավերով շարունակելու  Փոթիի և Բաթումիի նավահանգիստներից։ Մեր ունեցած տեղեկություններով՝ երեկվա դրությամբ Բաթումիից դեպի Նովոռոսիյսկ է  ուղևորվել 100 ավտոմեքենա տարողությամբ լաստանավ, որի վրա շուրջ 55 մեքենա հայկական համարներով է եղել: Փոթիի նավահանգստից պատրաստվում է շարժվել ևս մեկ լաստանավ՝ 50 ավտոմեքենա տարողությամբ: Փչացող բեռներով բոլոր ավտոմեքենաները Լարսից  արդեն շարժվել են դեպի Բաթումիի և  Փոթիի նավահանգիստներ։ Այն փոխադրողները, ովքեր  հրաժարվել են  լաստանավով շարունակելու ճանապարհը, Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի և ոստիկանության աշխատակիցները  ուղեկցել են դեպի անվտանգ կայանատեղիներ: Ներկայում ինտենսիվ աշխատանքներ են ընթանում ճանապարհն օր առաջ բացելու ուղղությամբ։ Վրաց ճանապարհաշինարարներին հաջողվել է գետի հունը մի փոքր փոխել, ինչը հուսադրող է, և հնարավոր է, որ այսօրվա ընթացքում արդեն սկսվեն ճանապարհի վերականգնման աշխատանքները։ Այդ մասին  առավել հստակ տեղեկատվություն հնարավոր կլինի ներկայացնել  վաղը։ Նշենք նաև, որ «Սպայկա» ընկերությունում գործում է թեժ  գիծ՝ (010) 44-44-70, (060) 70-44-44 հառախոսահամարներով. Այս հեռախոսահամարներով զանգահարելով՝ դուք կարող եք տեղեկատվություն ստանալ լաստանավով բեռներ տեղափոխելու հնարավորությունների վերաբերյալ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն