Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շահեն Հարությունյանի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել (տեսանյութ)

Հասարակություն
shahen

Ակտիվիստ Շահեն Հարությունյանը Հռոմի պապին այդպես էլ չտեսավ։ Նա բերման ենթարկվեց Գյումրիում, երբ դեռ չէր ժամանել  Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։ «Նախապատրաստվում էի Հռոմի պապի արարողակարգի ժամանակ ակցիա իրականացնել, պարզ ակցիա՝ առանց  իրավախախտումների: Երբ կանգնած էի հերթի մեջ, ոստիկանները տեսնելով ինձ հարձակվեցին վրաս, թևերիցս բռնեցին ու հեռացրին տարածքից՝ նստացնելով մեքենա»,- պատմում է Շահենը։ Նրա հավաստիացմամբ՝ ոստիկաններն իրեն այդպես էլ չեն բացատրել իր կարգավիճակը։ Ինքը դա համարում է առևանգում։ Բացի այդ,  ոստիկաններն աչքի են ընկել  նաև կոպիտ վերաբերմունքով։ «Տանում էին ինֆինիտի մակնիշի ավտոմեքենա նստեցնեն ու հենց մեքենային մոտեցրին միանգամից վզիցս բռնեցին, թևերս ոլորեցին, այսինքն՝ այդտեղ բռնություն գործադրեցին»։ Շահեն Հարությունյանի նկատմամբ  վարչական վարույթ է հարուցվել։ «Ոստիկանությունում կազմվեց արձանագրություն, որ ոստիկանի օրինական պահանջը չեմ կատարել՝ երթևեկելի գոտուց դուրս չեմ եկել, միաժամանակ ոստիկանությունը տարածում է հաղորդագրություն, որում ասվում է.  ոստիկանները Շահեն Հարությունյանի մոտ նկատել են կասկածելի առարկա, որը նա թաքցրել է իր շապիկի տակ, կա հակասություն»,- ասում է Շահենը։ Ավելի ուշ, Երեւանում, ոստիկանությունը բերման ենթարկեց Հիմնադիր խորհրդարանի աջակիցների։ Նրանց մի մասը պատրաստվում էր Հանրապետության հրապարակում էկումենիկ արարողության ժամանակ Հռոմի Պապին տեղեկացնել Հայաստանում քաղաքական հայացքների համար բանտարկված քաղաքացիների առկայության մասին։ Հիմնադիր խորհրդարանի աջակից Տիգրան Մանուկյանը բերման ենթարկվածներից էր։ «Հիմնադիր խորհրդարանի մոտ հավաքված էինք և հանկարծ հարձակվեցին մեզ վրա ու ապօրինի կերպով առանց ներկայանալու բերման ենթարկեցին»։ Մեկ այլ ակտիվիստ՝ Ներսես Գևորգյանը ևս բերման էր ենթարկվել. «Ներկայացրեցին, որ անօրինական ցույցեր կազմակերպելու մեջ կասկածանքով մեղադրվում եմ։ Կարծում եմ՝ իրենք փորձում են ընդամենը մեզ վախեցնել, դրա տակ ոչ մի բան չկա»։ Այնուամենայնիվ, որոշ ակտիվիստների հաջողվել է էկումենիկ աղոթքի ժամանակ պարզել քաղբանտարկյալների ազատությունը պահանջող պաստառներ։