Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զոհված զինվորների ծնողները չէին եկել շնորհավորելու Սերժ Սարգսյանին (տեսանյութ)

Հասարակություն
akcia-3

Սերժ Սարգսյանն  այսօր հյուրեր ուներ, սակայն ամենեւին էլ չէին եկել շնորհավորելու նրա ծննդյան օրը: Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողները պահանջում են պարզել իրենց որդիների մահվան իրական պատճառները:  Նախագահականի դարպասներին, սակայն, նրանց չթույլատրվեց մոտենալ; «Եվ այս ոստիկանները փաստորեն դրա համար են պահում,որ իր ծննդյան օրը հանկարծ մենք  չհարամենք, չգիտենք՝ ինչ կարող ենք անել ճաղերից այս կողմ»,- ասաց մահացած Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը: Իսկ 9 տարի առաջ մահացած  Տիգրան Օհանջանյանի մայրն ավելացնում է. «Այսօր այստեղ ինչի պետք է հայտնվեմ, որ ոստիկանները իմ ճանապարհը փակեն: Ինչո՞ւ համար, ինչի՞ պետք է փակեն, թող համապատասխան որոշում կայացնեն, իրավական գնահատական տան քրեական գործին:  Ես ինչո՞ւ պետք է փողոցում հայտնվեմ»: Ծնողները իրենց ազատ  տեղաշարժը խոչընդոտելու համար ահազանգել էին ՄԻՊ գրասենյակ: Արագ արձագանքման խումբը տեղում պարզեց, որ ծնողներին թույլ չեն տվել առաջ շարժվել, քանի որ այլ խումբ էլ ցանկանում էր պաստառներով ակցիա անցկացնել: Իսկ մյուս խումբը  Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներն էին, որոնք պահանջում են համարժեք փոխհատուցում իրենց քանդված  տների համար: «Զոռով, ծեծելով հանեցին տնից, եթե դու չես  գալիս, հանում են վեշերդ զոռով գցում են դուրս: Մարդիկ էլ վախեցան դուրս եկան»,- ավելացրեց Տերյան 20 հասցեի բնակիչ  Արթուր Մելիք Շահնազարյանը: «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներն էլ այսօր ցանկանում էին Սերժ Սարգսյանից իրենց նամակին պատասխան ստանալ:  Նրանք ցանկանում էին, որ Սերժ Սարգսյանն անձամբ իր ձեռքը վերցնի «Նաիրիտի» հարցի կարգավորումը եւ գործարանը վերագործարկվի:  Սակայն նախագահականից նրանց նամակը ուղարկվել է Էներգետիկայի նախարարություն. «Շատ լավ կլիներ, այստեղից տրվեր պատասխանը, նրանք վերահսկեին գործը եւ հավուր պատշաճի պատասխանեին»,- նշեց «Նաիրիտ»-ի նախկին աշխատակից Կարինե Շահվերդյանը:  Նաիրիտցիները համոզված են՝ եթե կառավարությունը ցանկություն ունենա, 6 ամսվա ընթացքում 65-ից 70 մլն դոլարով գործարանը կվերագործարկվի: