«Զվարթնոց»-ում վայրէջք կատարեց ռուսական ԱԻՆ-ի 3-րդ ինքնաթիռը
ունիսի 30-ին, ժամը 13.48-ին, Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքից Երևան ժամանեց ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ԱՆ-148 ինքնաթիռը՝ 3-րդ չվերթով Հայաստան տեղափոխելով ևս 46 ՀՀ քաղաքացու: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրանց դիմավորեցին ՀՀ ԱԻ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Ա. Պետրոսյանը, ինչպես նաև ՀՀ ԱԻՆ բժշկական, հոգեբանական և լրատվական ծառայությունները, որոնց աշախատակիցները հունիսի 29-30-ը շարունակաբար հերթապահում էին օդանավակայանում՝ համապատասխան օգնություն ցուցաբերելով հատուկ չվերթով ժամանող մեր հայրենակիցներին և պարբերաբար տրամադրելով թարմ տեղեկատվություն: Ինչպես նախորդ երկու, այնպես էլ 3-րդ չվերթի ընթացքում Հյուսիսային Օսիայից Երևան հատուկ չվերթների ուղևորներին ուղեկցում էին ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ներկայացուցիչները և բժիշկները` ուշադրության կենտրոնում պահելով հղի կանանց և երեխաներին: ՓԾ տնօրենի տեղակալ Ա. Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՀ քաղաքացիների տեղափոխման ողջ ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել հատկապես երեխաներին և հղի կանանց, որոնց տեղափոխել են առաջին հերթին: - Մեր աշխատակիցները մշտական կապի մեջ են իրենց ռուս գործընկերների հետ, և ինչպես երևում է ժամանողների տրամադրությունից, ամեն ինչ նորմալ է և ընթանում է իր բնականոն հունով: Նրանք նաև շատ գոհ ու երախտապարտ են, թե վրաստանաբնակ, թե Մինվոդիում բնակվող մեր հայրենակիցներից, ովքեր մեծ աջակցություն են ցուցաբերել իրենց հայրենակիցներին: Նշեմ, որ երեք թռիչքի արդյունքում ժամանել է 142 ՀՀ քաղաքացի: Նախատեսվում է 4-րդ չվերթով տեղափոխել ևս 46 քաղաքացու,- եզրափակեց ՓԾ տնօրենի տեղակալ Ա. Պետրոսյանը: Ժամանող քաղաքացիները մեզ հետ զրույցում երախտագիտության խոսքեր հղեցին ՀՀ և ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարություններին՝ սրտացավ և հոգատար վերաբերմունքի ու ցուցաբերած մեծ աջակցության համար: Նրանց հաղորդմամբ` տեղի հայ համայնքը ևս ցուցաբերել է մեծ ու անշահախնդիր օժանդակություն՝ պարբերաբար սնունդ և օթևան տրամադրելով հայրենակիցներին: Թռիչքներն իրականացվել են ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակներում՝ կապված հունիսի 23-ին Լարսի անցակետում ճանապարհի փակման հետ: Հիշեցնենք, որ հունիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, և այդ պատճառով փակվել է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նշված ավտոճանապարհով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Տեղեկացնում ենք, որ կիրականացվի ևս մեկ` 4-րդ չվերթ, և ՌԴ ԱԻ նախարարության ինքնաթիռը, նախնական տվյալներով, Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կկատարի հունիսի 30-ին, ժամը 20:00-ին: ԱԻՆ