«Նեղանալ չկա». Երևանը ջրվում է. լուսանկարներ
Հայաստանի կյանքի ռիթմն այսօր՝ Վարդավառի օրը, ավելի է արագանում։ Հատկապես մարդաշատ է Երևանի Հանրապետության հրապարակը, այստեղ շատրվանները միմյանց վրա ջուր ցանող քաղաքացիների հիմնական ջրի աղբյուրն են։ Սա օր է՝ առանց կանոնների, զբոսանքը քաղաքի փողոցներում լուռ համաձայնություն է՝ թրջվելու։ Իսկ Կարապի լիճը հիշեցնում է մի մեծ լողավազան, չոր մարդ գտնելն այստեղ բացառված է։ Կարելի է տեսնել նաև տարածքում հերթապահություն անող ոստիկանների, նրանց մի մասը թրջվելուց հետո պարզապես ժպտում է, իսկ որոշներն էլ հորդորում են «հեռու մնալ»։ Հիմնական մարդաշատ տարածքներում հերթապահում են Շտապօգնության անձնակազմեր։ «Իրարից նեղանալ չկա»,- ջրելուց առաջ ասում են երևանցիներն ու քաղաքի հյուրերը։ Այս տարի մեծաթիվ են հատկապես զբոսաշրջիկները՝ ասիական, եվրոպական արտաքինով, Սփյուռքից եկածները ևս ակտիվ մասնակից են «ջրոցիին»։
«Ա1+»-ի տեսախցիկը այսօր շրջել է «ջրվող» Երևանով։
Ավելին՝ տեսանյութում