Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Դա արվում էր Ռուսաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությամբ․ Խաչատրյան (տեսանյութ)

«Ինչ պետք է աներ ժողովրդավար իշխանությունը, երբ տեսնում է, որ ժողովրդի կարծիքն այդ մարդու նկատմամբ դրական է և ուզում է, որ նա շարունակի լինել համայնքապետ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով առաջիկա ՏԻՄ ընտրություններում Գորիսում գործող քաղաքապետ Առուշ Առուշանյանի թեկնածությունն առաջադրելու հարցին։

Պատգամավորն ասում է, որ կուսակցությունում Առուշանյանի թեկնածության ընտրության քննարկումներին ինքն էլ է մասնակցել։

«Այնտեղ կա նաև մարզպետ, ՏԿԵՆ նախարար։ Մենք նստել և քննարկել ենք, իրավիճակը գնահատել ենք ընտրություններից հետո և եկել ենք այդ եզրակացության։ Ինչ որ մի փուլից նրան հրավիրել ենք ինչ-որ մի տեղ և առաջարկել։ Բայց մինչև հրավիրելն այդ ուղղությունը մեզ համար տեսանելի է եղել»,- հավելեց պատգամավորը։

Պատգամավորը խոսեց նաև հայ-ադրբեջանական և հայ-ռուսական հարաբերություններից։ Նա ասաց, որ եթե 2021-2022թթ․ Ադրբեջանը Ռուսաստանի դրդմամբ էր հարձակվում մեր երկրի վրա, ապա այժմ այդ ազդեցությունը չկա։

Ինչ վերաբերում է ՀՀ-ՌԴ միջև առկա լարվածությանը, ապա պատգամավորը չի բացառում, որ առաջիկայում Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ շատ հարցերի հետ միասին քննարկվի նաև մեր երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային հարաբերությունները վերանայելու անհրաժեշտությունը։ Այնուամենայնիվ, նա համոզված է, որ, ի վերջո, մեր հարաբերությունները կկարգավորվեն։

Բայց եթե Ռուսաստանը հակառակ տրամաբանությամբ գնա, օրինակ, թանկացնի գազը, ապա Հայաստանը կդիմի ծայրահեղ քայլերի։

«Դա վերջին գործիքն է, որով կարելի է Հայաստանին ցավեցնել։ Բայց իմաստը չեմ հասկանում։ Ինչո՞ւ։ Դա էլ արեցին, հետո ի՞նչ են անելու, հետո ո՞նց ենք մեկս մյուսի հետ բանակցելու, ո՞նց ենք մեկս մյուսին բարեկամական երկիր ասելու։ Կարծում եմ, չեն անի նման բան, և հայ-ռուսական հարաբերությունները կկարգավորվեն»,- եզրակացրեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։