Ինչպես խուսափել վարակներից ամռանը (տեսանյութ)
Ամռան առաջին ամսվա ընթացքում քանի՞ սննդային թունավորման դեպք է գրանցվել՝ Առողջապահության նախարարությունը դեռևս տվյալ չունի։ Վարակաբան Մելանյա Շմավոնյանի խոսքով, սակայն, նախորդ տարվա համեմատ՝ դեպքերի նվազման միտում կա։ «Անցյալ տարի խմբերով դիմողներ կային, այս տարի՝ ոչ»։ Աղիքային հիվանդությունների առաջացմանը նպաստում են մրգի, բանջարեղենի ոչ պատշաճ լվացումը, կամ ընդհանրապես՝ առանց լվանալու ուտելը։ «Ես միշտ խորհուրդ եմ տալիս հիվանդներին, որ հաճախ լվանան ձեռքերը, սնունդն առողջ մարդ պատրաստի, միրգը, բանջարեղենը լավ լվանան»,-շեշտեց նա։ Վարակաբանը նշեց այս ամռան ընթացքում դիմածներից մի քանիսի դեպքերը. «Մեկը ձմերուկ և սեխ էր կերել։ Հետո նրա մոտ փսխում էր սկսվել։ Մի ուրիշի դեպքում ծիրան էր կերած եղել։ Այդ կինն ասաց, որ երկու հատն առանց լվանալու է կերել և արդյունքում թունավորվել»։ Խոսքի վերջում բժիշկը խորհուրդ տվեց բնակչությանը՝ ինչ սնունդ օգտագործել շոգ եղանակին՝ աղիքային հիվանդություններից ու թունավորումներից զերծ մնալու համար։ «Երշիկեղենի, ապխտած սննդամթերքի, ծովամթերքի օգտագործումից պետք է խուսափել։ Պետք չէ նաև շուտ փչացող սնունդ օգտագործել, օրինակ՝ մայոնեզով աղցաններ»։ Իսկ եթե արդեն թունավորվել եք, Մելանյա Շմավոնյանը խորհուրդ է տալիս առաջնահերթ կերակրի սոդայով լվանալ ստամոքսը, ապա դիմել բժշկի։