Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժիրայր Սեֆիլյանի բողոքի քննությունը չկայացավ (տեսանյութ)

Քաղաքականություն
Ara-Zaqaryan

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին կալանավորելու գործով բողոքի քննությունն այսօր չկայացավ: Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց 1 ժամ սպասելուց հետո, նրա պաշտպան Արա Զաքարյանը որոշեց հեռանալ: «Տեղեկություն չկա, այս պայմաններում նպատակահարմար չեմ գտնում այլեւս սպասել, մինչեւ դատարանը ավարտի գործերը քննել եւ լսի բողոքը:  Գոնե մարդկային վերաբերմունք պետք է լինի, դուրս գան ասեն այս ժամից հետո կքննվի: Նման վերաբերմունքն  ինձ համար անընդունելի է»,- ասաց պաշտպան Արա Զաքարյանը: Պաշտպանն այսօր անդրադարձավ նաեւ Ժիրայր Սեֆիլյանին կալանավորելու հիմքերին՝ նշելով, որ այդ կերպ, ցանկանում են խոչընդոտել նրա քաղաքական գործունեությանը. «Որպեսզի իշխանության սխալների, բացթողումների,  կամայականությունների մասին չբարձրաձայնի եւ  Ղարաբաղի հետ կապված հարցերի վերաբերյալ չկարողանա իր քաղաքական կարծիքը հայտնել:  Հաշվի առնելով, որ Արցախի հետ կապված խնդիրները քննարկումներում են գտնվում, լարվածությունը կա,  իշխանություններին ցանկալի չէ, որ Ժիրայր Սեֆիլյանը լինի ազատության մեջ»: Նրա խոսքերով՝ մինչ այս պահը, բացի առերեսումներից, այլ քննչական գործողություններ չեն կատարվել:  Վերաքննիչ դատարանից պաշտպանը ակնկալիքներ չունի՝ ներպետական ատյանները սպառելուց հետո դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հունիսի 20-ից անազատության մեջ գտնվող Ժիրայր Սեֆիլյանը  ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: