Ռուբեն Բաբայանն ավելի շատ դիմորդ կուզեր ընդունել թատերական (տեսանյութ)
Նադեժդա Իսրայելյանն այսօր հանձնեց իր երրորդ քննությունը՝ ռեժիսուրա առարկայից։ Սա վերջին ու վճռորոշ քննությունն էր ՝ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի այս տարվա բոլոր 196 դիմորդների համար, որոնցից միայն 186-ը կընդունվեն։
«Քննում են միանշանակ արդար, եթե գիտես՝ գիտես, չէ՝ չէ»,-ասում է նա:
Նիգերիական եւ հայկական արմատներով 16-ամյա Տիգրանը թեեւ ցածր է ստացել նախորդ երկու քննությունները, սակայն վերջին քննության արդյունքների հետ մեծ հույսեր է կապում. «Հուսով եմ տաղանդներս ավելի զարգացնել, սովորել վերջապես անիմացիա, որովհետեւ այդ բաժին եմ ընդունվում, եւ, վերջապես, կարողանամ օգտագործել տաղանդս աշխատանքային ոլորտում»։
Դիմորդների ճակատագիրը որոշողներից մեկը Երեւանի Տիկնիկային թատրոնի տնօրենն է: Եթե միակ որոշողը ինքը լիներ, Ռուբեն Բաբայանը հնարավորինս շատ դիմորդի ուսանող կդարձներ։
«Ճիշտն ասած, 15-20 րոպեում շատ դժվար է կողմնորոշվել, իսկ մի տարվա ընթացքում` ավելի հեշտ, եւ, կարծում եմ, թե ուսանողի համար, թե դասախոսի համար ավելի պատկերավոր է դառնում՝ իսկապես ճի՞շտ է ընտրել մասնագիտությունը, թե՞ ոչ, որովհետեւ մենք ամեն ինչի հետ մեկտեղ նաեւ պետք է փորձենք ուղղորդել, որովհետեւ եթե մարդը սխալ է ընտրել մասնագիտությունը արվեստում, նա կդառնա դժբախտ մարդ»։
ԵԹԿՊԻ ընդունող հանձնաժողովի անդամ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Նարինե Բերոյանն էլ նշում է, որ դիմորդները հիմնականում ունեն բազային գիտելիքներ. «Մեր ինստիտուտի սպեցիֆիկան այն է, որ մենք գնահատում ենք տեսանելին, մենք նայում ենք՝ երեխաները ոնց են մտածում, ոնց են տեսնում ֆիլմը, ոնց կձեւավորեին այս կամ այն պիեսը»։
ԵԹԿՊԻ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գայանե Ստեփանյանի խոսքով՝ այս տարի դիմորդների թիվը փոքր-ինչ քիչ է՝ 196, նախորդ տարվա 200-ի փոխարեն։
Բաժինները ինն են՝ դերասանական արվեստ, ռեժիսուրա, կինոարվեստ, օպերատորություն, պարարվեստի ռեժիսուրա, թատրոնի, կինոյի եւ հեռուստաոլորտի նկարչություն, արվեստի տեսություն, պատմություն եւ կառավարում, թատերագիտություն, կինոգիտություն: Ի դեպ, 196 դիմորդից 78-ը դիմել է դերասան դառնալու համար։